Մամուլ

Ինչից հետո են սկսվել ԱԱԾ վերջին գործողությունները Սաշիկ Սարգսյանի տանը. Վարչապետը փակագծեր է բացում

Ինչից հետո են սկսվել ԱԱԾ վերջին գործողությունները Սաշիկ Սարգսյանի տանը. Վարչապետը փակագծեր է բացում

Այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրների վերաբերյալ հարցին և պատասխանելով նրան, թե բացահայտումները շարունակական են լինելու արդյո՞ք, հայտարարեց, որ ինքն ԱԱԾ-ի առջև խոշոր բացահայտում անելու խնդիր չի դնում. «Ես ասում եմ, որ պետք է լինի օրինականություն:

Ինչ վերաբերում է Ալեքսանդր Սարգսյանի ընտանիքին, ապա մարդկանց թվում է, որ կառավարությունում ասում են, թե այսօր մենք բերման ենք ենթարկում Ալեքսանդր Սարգսյանին և գնում են բերման ենթարկելու: Եղել է քաղաքացի, ով դիմում է գրել՝ հայտնելով, որ իր ձեռքից նկարները խլել են, ես մակագրել եմ ԱԱԾ-ին, ԱԱԾ-ն հրավիրել է քաղաքացուն, ով հաստատել է իր խոսքերը, հանցագործության մասին հաղորդում է տրվել, և գործին ընթացք է տրվել: Հետո էլ ասում են վայ բերման ենթարկեցին ու ազատ արձակեցին»:

Փաշինյանի խոսքերով, եթե կոնկրետ գործով կան ապացույցներ, դա իրացվում է. «Մարդկանց ձերբակալումն ինքնանպատակ չէ: Կոնկրետ երկու դեպքով բերման են ենթարկվել, ձերբակալվելու մասին որոշում կայացնելու կամ որևէ կարգավիճակ տալու համար օրինական հիմք չի եղել: Որևէ մեկը չմտածի թե պետք է որևէ մեկին ձերբակալել, որևէ մեկին՝ ոչ: Միայն մեկ խնդիր կա՝ ամեն ինչ պետք է լինի օրինական: Կարող է մի մարդուն 10 անգամ բերման ենթարկել ու բաց թողնել, մեկին մեկ անգամ բերման ենթարկել ու բաց չթողնել»:

Հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ գործը հասնի նաև Սերժ Սարգսյանին, Փաշինյանն ասաց, որ եթե պետք լինի, կհասնի, սակայն դա ինքը չի որոշում, դա որոշում են փաստերը, ընթացակարգերը, օպերատիվ տեղեկությունները և օրենքով սահմանված անհրաժեշտությունը. «Ես կարող եմ երաշխավորել, որ ՀՀ-ում որևէ անձեռնմխելի մարդ չկա: Իսկ նրանք, ովքեր անձեռնմխելի են օրենքով, դա հաղթահարելու համար միջոցները ևս նախատեսված են օրենքով»:

Փաշինյանը նաև նշեց, որ վերջին ասվածը վերաբերում է նաև Ռոբերտ Քոչարյանին:

Կիսվել