ԴՆԹ հետազոտությունը ցույց է տալիս թե ինչպես շները և մարդիկ բարեկամացան
ԴՆԹ հետազոտությունը ցույց է տալիս թե ինչպես շները և մարդիկ բարեկամացան:
Հայտնի է, որ շները իրենց ընտելացման օրվանից ի վեր սնվել են մարդկանց սննդի մնացորդներով:
Ըստ գենետիկ հետազոտությունների, մարդու հավատարիմ բարեկամը ժամանակի ընթացքում օսլա պարունակող սննդամթերք մարսելու ունակություն է ձեռք բերել:
Գիտնականները կարծում են, որ շներն առաջացել են գայլերից:
Ներկայումս շները կարող են բավարարվել օսլա պարունակող կերակուրներով, ի տարբերություն իրենց նախնիների՝ գայլերի, որոնք գիշատիչ կենդանիներ են:
ԴՆԹ հետազոտություն
Եվրոպայի և Ասիայի հնագիտական վայրերում հայտնաբերվել են շների ոսկրերի և ատամների մնացորդներ, որոնց ԴՆԹ-ի հետազոտությունները ցույց են տվել այդ կենդանիների մոտ օսլա պարունակող սննդամթերքի մարսման համար պատասխանատու գեների առկայություն, որից էլ եզրակացրել են, որ շների մարդկանց մոտ ապրելը գալիս է հազարամյակների խորքից:
Լիոնի համալսարանի առաջատար հետազոտողներից մեկը՝ Մորգեն Օլիվերը, նշում է, որ մարդու պատմական զարգացումը իր մեծ դերն է ունեցել կենդանիների ընտելացման հարցում:
Հնագույն նմուշների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շները նման կենսակերպի անցան այն ժամանակ, երբ մարդը սկսեց գյուղատնտեսությամբ զբաղվել:
«Քանի որ նման օրինակ գաղափարի չենք հանդիպել որսորդության շրջանում, մենք այն կապեցինք վաղ հողագործական հասարակությունում գյուղատնտեսության զարգացման հետ» (հատված Մորգեն Օլիվերի BBC News-ին տրված հարցազրույցից):
Սա հրաշալի օրինակ է բնության ամբողջականության,որն արտահայտվում է մարդկության պատմական զարգացման և շան գենոմի ձևավորման միջև առկա կապերի միջոցով:
Գայլերի ընտելացումը
Այն հարցի շուրջ, թե ինչպես են առաջացել առաջին ընտանի կենդանիները՝ շները, գիտնականները առաջ են քաշում մի քանի վարկածներ:
Ըստ մի վարկածի, մարդն առաջինն է գայլին վարժեցնելու փորձեր արել:
Հնագույն որսորդները օգտագործում էին գայլերին որպես ուղեկիցներ կամ պահակներ՝ ապահովելու բնակավայրի և իրենց անվտանգությունը:
Արդյունքում մարդը վարժեցրեց և ընտելացրեց նրանց:
Մյուսները պնդում են, որ գայլերի ընտելացումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մարդն անցել է նստակյաց կյանքի:
Գայլերը քաղց զգալով մտնում էին մարդկանց բնակատեղերը, գողանում սննդի մնացորդներ:
Այսպես աստիճանաբար սկսեցին ապրել մարդկանց կողքին՝ դառնալով նրանց հավատարիմ պաշտպանը:
Վերջերս կատարված հետազոտությունները, որոնք լույս են տեսել Royal Society Open Science ամսագրում, լրացնում են այն միտքը, որ շների առաջացումը մարդու նստակյաց կյանքի հետևանք է՝ հիմնվելով Եվրոպայի և Թուրքմենստանի 8 հնագիտական վայրերից հայտնաբերված մնացորդների գենետիկ հետազոտություններ վրա:
Չնայած այս ամենին դեռևս հստակ պարզաբանված չէ, թե որտեղ և երբ են առաջին անգամ ընտելացրել մարդու հավատարիմ բարեկամին՝ շանը: