Մամուլ

Արթուր Բաղդասարյանը հայտարարել է մարտի 1-ին զինված ուժերի կիրառման մասին

Armlur.am-ը գրում է․ Թավշյա հեղափոխության հաղթանակից հետո ՀՀԿ-ականներից բացի ամենաշատը պետք է տխրեր ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Պետք է տխրեր, քանի որ թավշյա հեղափոխության արդյունքում քաղաքական դաշտից դուրս է մղվում նաեւ նրա տեսակը: Միայն թե Արթուր Բաղդասարյանը դեռ չի ցանկանում հաշտվել այդ մտքի հետ:

Ընդհակառակը, տեսնելով, որ ԱԺ արտահերթ ընտրությունները յոթ սարի հետեւում չեն` ակտիվացել ու փորձում է հիշեցնել իր մասին: Ընդ որում` Արթուր Բաղդասարյանն իր մասին հիշեցնում է ամենամոդայիկ, ամենաժամանակակից ձեւերով` «լայվի» միջոցով՝ սոցիալական ցանցերում ուղերձ հղելով: Մենք չենք անդրադառնա Բաղդասարյանի տեսաուղերձում հնչեցրած հայտարարությանը, թե կառավարության կազմում «եղան նաեւ օդիոզ նշանակումներ»:

Մենք չենք հիշեցնի իշխող նախորդ կառավարություններում ՕԵԿ-ի առաջադրած օդիոզ կադրերին, որոնք, պարզվում է, գաղափար չունեին իրենց վերապահված ոլորտներից: Չենք հիշեցնի ՕԵԿ-ական նախարարների հետ կապված սկանդալները, այդ թվում նաեւ կոռուպցիոն սկանդալները, չարաշահումները, հարուցված ու ջրված քրեական գործերը:

Այս ամենի մասին շատ-շատ է խոսվել: Վերջին օրերին կոռուպցիոն բացահայտումների համատեքստում չենք խոսի այն մասին, թե ինչպես էր Արթուր Բաղդասարյանը ԱԱԽ քարտուղար եղած 6 տարիների ընթացքում հասցրել ահռելի հարստություն կուտակել, բիզնես արել, պաշտոնը սեփական հարստացման նպատակով ծառայեցրել:

Արթուր Բաղդասարյանի տեսաուղերձում ուշագրավ էր մարտի 1-ի մասին հայտարարությունը: ՈՒ քանի որ իրավապահ համակարգը նոր թափով է ձեռնամուխ եղել մարտի 1-ի դեպքերի բացահայտմանը, կարծում ենք, նրա հայտարարությունները կարեւոր տեղեկություններ են պարունակում մարտի 1-ի իրադարձություններին զինված ուժերի օգտագործման մասին:Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հետ 2008թ. կոալիցիա կազմելու որոշմանը` ասել է.

«Իմ այդ քայլի նպատակն էր, որ ավելի քիչ մարդ գար, որովհետեւ այդ որոշումը, այդ անօրեն հրամանը ընդունված էր՝ զորքի օգտագործման, զինուժի օգտագործման համար, եւ կարող էր շատ ավելի մեծ թվով զոհեր լինեին»: Ուշադրությունն դարձրի՞ք մարտի 1-ի ներքաղաքական իրադարձություններին զինուժի օգտագործման մասին վկայություններին, եւ սա այն դեպքում, երբ նախկին իշխանություններն ամեն կերպ հերքում էին այդ հանգամանքը:

Հիմա այս ամենը փաստում է ԱԱԽ նախկին քարտուղարը, որն ի պաշտոնե ժամանակին հնարավորություն է ունեցել շատ գաղտնիքների տիրապետելու: Կհարցնեք՝ ինչու նա այդ ամենն ավելի վաղ չէր ասում: Պարզ է՝ պաշտոնը քաղցր բան է, հանուն պաշտոնի պետք է լռեր` մաս կազմելով սեփական ժողովրդի վրա բանակը հանած իշխանությանը:

Աղբյուր՝ armlur.am

Կիսվել