«Ի՞նչ թիվ, երբ ՀՀԿ–ն իր կառավարման տարիներին կեղծել է ամբողջ վիճակագրությունը». Լևոն Շիրինյան. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Այս փուլում նոր իշխանության համար ամենաառաջնային հարցն արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելն է: Նման կարծիք ունի քաղաքագետ Լևոն Շիրինյանը, ում հետ զրուցել ենք ներքաղաքական իրավիճակի, խորհրդարանում ծավալված տրամադրությունների ու կառավարության ծրագրի մասին:
«Երրորդ հանրապետության ճահիճը պետք է ոչնչացվի, մենք պարտավոր ենք Չորրորդ հանրապետություն հիմնադրել, որը որակապես նոր պետականություն կլինի: Առանց լավ կազմակերպված ընտրությունների` Չորրորդ հանրապետություն չի կարող լինել: Կարծում եմ, այդուհանդերձ, վարչապետը պետք է փորձի ընտրությունները շուտ անցկացնել: Կառավարության ծրագրում նշված 1 տարվա ժամկետն այդքան էլ լավ չէ: Աշնանն անպայման պետք է ընտրություններ լինեն: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ձգձգումն անթույլատրելի է: Իրենք ժամկետները նշելուց հաշվի են առնում ներքին զարգացումը, բայց պետք է հաշվի առնել, որ Իրան, ԱՄՆ, Իսրայել հարաբերություններն անընդհատ սրվում են: Եթե, ինչպես Սիրիայի դեպքում, Իրանի հետ գնացին առճակատման, մենք մեր կողքին անկայուն իրավիճակ կունենանք»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:
Լևոն Շիրինյանի դիտարկմամբ` կառավարության կողմից ներկայացված ծրագիրը համահունչ է քաղաքական իրավիճակին:
Ինչ վերաբերում է կառավարության ծրագրի առնչությամբ հնչած քննադատություններին` քաղաքագետը նախ շեշտեց, որ առողջ քննադատությունն, իհարկե, շատ կարևոր է: «Առողջ քննադատությունը միշտ պետք է հաշվի առնել: Բայց դա չի վերաբերում ՀՀԿ– ականների քննադատություններին: ՀՀԿ–ի քննադատության մեջ «յախիտնիություն» կար, առողջ ոչինչ չկար: Կառավարության ծրագրում թվերի բացակայության մասին խոսակցություններն անհեթեթ են, որովհետև ՀՀԿ–ն իր կառավարման տարիներին կեղծել է ամբողջ վիճակագրությունը: Իսկ երբ չկա օբյեկտիվ վիճակագրություն, կոնկրետ թվեր տալ հնարավոր չէ, դրա համար էլ տվել են զարգացման միտումները: Եթե վճակագրությունը կեղծ է, ինչպե՞ս թվեր ներկայացնել: Սա նման է մի իրավիճակի, երբ չգիտեք, թե գրպանում որքան գումար կա, բայց գնում եք կահույք գնելու: ՀՀԿ–ն կոմայի մեջ է, ինչն ակնհայտ դարձավ հունիսի 7–ի ԱԺ արտահերթ նիստում: Կարծում եմ` շունչները հեշտությամբ հետ չեն բերի: Բայց «շնչեն», «չշնչեն», այդ ուժը այլևս բարոյալքված է ու բարոյազրկված:
Ավելի մանրամասն՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում