Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է
Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է։ Տեղեկությունը Սպուտնիկ Արմենիային հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Ավտովթարից տուժած երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։ Նրանցից 2-ի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը` միջին ծանրության»,– ասացին նախարարությունից։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը։
Վթարի հետևանքով մահացածները ամուսիններ են՝ 37-ամյա Մխիթար Նազարյանը և 36-ամյա Իզաբելլա Վարդանյանը։ Վթարի հետևանքով տուժած հինգ անչափահաս երեխաները նրանց զավակներն են։
Ամուսինների հարևանները պատմել են, որ Իզաբելլան երկու երեխաների հետ Գյումրիում էր՝ հայրական տանը։ Այդ օրը նրա մոր մահվան 40-րդ օրն էր։
Մխիթարը մյուս երեք երեխաների հետ մեկնել էր Գյումրի՝ կնոջն ու երեխաներին տուն բերելու։ Ճանապարհին էլ տեղի է ունեցել ողբերգական վթարը։


