Մահացել է Դավիթ Մուրադյանը
Կյանքից հեռացել է գրող, կինոգետ, դրամատուրգ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը։ Մահվան մասին տեղեկությունը տարածել է Հայաստանի կինոգործիչների միությունը։
Միության հաղորդմամբ՝ առաջիկայում նախատեսվում էր անցկացնել Դավիթ Մուրադյանի ստեղծագործական երեկոն, որը կրելու էր «Բառ, կադր, գույն» խորագիրը։
Դավիթ Մուրադյանը ծնվել է 1951 թվականին։ Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, որն ավարտել է 1973 թվականին։ Իր ստեղծագործական գործունեության ընթացքում հեղինակել է բազմաթիվ գրքեր, հոդվածներ և պիեսներ։
Մասնագիտական գործունեության տարբեր փուլերում Մուրադյանն աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, զբաղեցրել Հայաստանի գրողների միության փոխնախագահի պաշտոնը։ 2008-2010 թվականներին եղել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալը։
Նա նաև զբաղվել է մանկավարժական գործունեությամբ՝ դասավանդելով Երևանի պետական մանկավարժական ինստիտուտում, ինչպես նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ 1993 թվականից ղեկավարել է վերջինիս կինոգիտական և սցենարական կուրսերը։ Մուրադյանը նաև զբաղեցրել է Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահի պաշտոնը։
Գրականության և արվեստի բնագավառներում ունեցած ավանդի համար Դավիթ Մուրադյանը 2006 թվականին արժանացել է «Ոսկե գրիչ» մրցանակի, իսկ 2011 թվականին նրան շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը։


