26-ամյա Ռոբերտը և 18-ամյա Վիրաբը արձագանքելով վարչապետի կոչին, ցանկանում են բանակ գնալ
Armtimes.com-ը գրում է․ Գյումրիում ապրող 26-ամյա Ռոբերտ Կարապետյանը մեկն է այն անձանցից, որոնք արձագանքել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին և ցանկություն հայտնել մեկնել ժամկետային զինծառայության, ինչից ժամանակին խուսափել են:
Վարչապետն օրեր առաջ ֆեյսբուքյան տեսակապի միջոցով դիմել էր 18-27 տարեկան երիտասարդներին, որոնք գտնվում են արտերկրում և կոչ էր արել նրանց վերադառնալ Հայաստան ու մեկնել ժամկետային զինվորական ծառայության՝ կատարելու իրենց պարտքը հայրենիքի առաջ: Նա դիմել էր նաև այն քաղաքացիներին, որոնք կարողացել էին տարբեր կապերի միջոցով ազատվել բանակից կամ եղել են սահմանային վիճակում: Նրանց առաջարկել էր դիմել կրկնակի փորձաքննության կամ արագ բուժել իրենց հիվանդությունները և դարձյալ մեկնել զինծառայության
Ռոբերտ Կարապետյանն անմիջապես արձագանքել էր կոչին և տեսանյութի տակ գրել, որ շինծու հիվանդության պատճառով չի ծառայել հայրենիքին, որի համար զղջում է ու հիմա ցանկանում լրացնել այդ բացը: Երեկ արդեն մեզ հետ զրույցում անդրադառնալով պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու պատճառներին՝ 26-ամյա երիտասարդը նկատեց.
«Ժամանակներն այնպիսին էին, որ ջահելները չէին ուզում գնալ, ծառայել: Հիմա էլ դա կա, բայց այն ժամանակ ավելի շատ էին: Ասում էին՝ ո՞ւմ համար, ինչի՞ համար, ո՞ր Հայաստանի համար գնանք ծառայենք կամ զոհվենք, հարուստի տղաներն էլ ջիպերով իրենց կյանքը վայելեն: Այդ ժամանակ էդպես էր կարծրատիպը:
Հիմա ժողովրդի միախմբությունը, այս ամեն ինչը շատ ոգևորիչ է, և այն փաստը, որ Փաշինյանը ներկայացրեց ժողովրդին, որ իր տղան ուզում է գնալ ծառայել հայրենիքին: Պլյուս դրան, որ տղան ուզում է գնալ հենց Արցախի Հանրապետություն՝ լինելով պաշտոնյայի տղա, ու այդ ամեն ինչը իմ մեջ արթնացրեց ինչ-որ մի բան, որ ես միանգամից այդտեղ գրեցի»,- ասաց Ռոբերտ Կարապետյանը:
Նա վստահեցրեց, որ վարչապետի կոչին իր արագ արձագանքը չի եղել պահի ազդեցությամբ ու հետո ոչ մի վայրկյան չի ափսոսացել դրա համար. «Չէ, չէ, այդպիսի բան հնարավոր չէ, որովհետև իմ մեջ հայրենասիրությունը միշտ եղել է, ես շատ եմ սիրել համազգեստ հագնել, նույնիսկ մեկ տարի ծառայել եմ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում: Ճիշտ է՝ հանգամանքների բերումով կիսատ եմ թողել, բայց շատ զղջում եմ դրա համար»:
Շարունակությունը, ինչպես նաև «18-ամյա Վիրաբը Մոսկվայից գալիս է բանակ»՝կարող եք կարդալ այստեղ