Հրդեհ Երևանում․ բազմաբնակարան շենքի բնակիչները տարհանվել են
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատյան փողոցի շենքերից մեկի բնակարանում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ մի քանի մարտական հաշվարկ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Սաքո Եղյանը և կրտսեր պարեկ Ալիկ Պողոսյանը։
Հրշեջ-փրկարարները շենքից տարհանել են մեծ թվով բնակիչների, և տեղում հոգեբանական աջակցություն է ցուցաբերվել 3 քաղաքացու։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված շենքի թիվ 7-րդ բնակարանում, ինչի հետևանքով այրվել է մոտ 8 քմ հատված և մոտ 10 գմ մալուխ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում են տան սեփականատիրոջ ինքնությունը և դեպքի հանգամանքները։





