Թմրամիջոցը կուլ տալու եղանակով ՀՀ տեղափոխելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 5 անձի մասով․ մանրամասներ
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երրորդ վարչությունում քննված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ օտարազգի 3 քաղաքացիներ, խմբի կազմում, շահադիտական դրդումներով, 2026 թվականի ապրիլի 30-ին մաքսանենգությամբ՝ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 367,52 գրամ «Հերոին» տեսակի թմրամիջոցով լցված բազմաթիվ պոլիէթիլենային փաթեթներ կուլ տալու և որովայնում պահելու միջոցով թաքցնելով, իրացման նպատակով, ապօրինի տեղափոխել են ՀՀ պետական սահմանով։
«Նույն ընթացքում, ՀՀ 2 քաղաքացիներն օժանդակել են նշված տեսակի և քանակի թմրամիջոցները մաքսանենգությամբ ՀՀ ներմուծելուն՝ նախապես խոստանալով ՀՀ-ում ձեռք բերել և իրացնել դրանք, որն իրականացնելիս ապահովել են օտարազգի քաղաքացիների դիմավորումը, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ՀՀ տեղափոխման համար գումարի վճարումը, թմրամիջոցներով լցված փաթեթները վերջիններիս որովայնից դուրս բերումն ու իրացման նպատակով ձեռք բերումը, ՀՀ-ում պահեստավորումն ու օտարազգի քաղաքացիներին Հայաստանից ճանապարհումը, որի ճանապարհին՝ Եղեգնաձոր քաղաքի Երևանյան մայրուղու հատվածում, նրանք ձերբակալվել են և տեղափոխվել վարույթն իրականացնող մարմին»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։
Օտարազգի 3 քաղաքացիների նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությունը) և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը), իսկ ՀՀ 2 քաղաքացիների նկատմամբ՝ 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակելը) և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը):
Նրանցից 4-ը կալանավորվել են, իսկ 1-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը։
5 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


