Ի՞նչ վիճակում են Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորները
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Ճամբարակում վթարի ենթարկված զինծառայողներին։
Այցի ընթացքում հայտնի է դարձել, թե ինչ վիճակում են գտնվում Ճամբարակում վրաերթի ենթարկված զինծառայողները։
Չորս զինծառայող առաջիկայում նախատեսվում է դուրս գրել հոսպիտալից, իսկ մյուս երկու զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանք շարունակում են գտնվել հոսպիտալի բժիշկների հսկողության ներքո։
Հիշեցնենք, որ երեկ հայտնել էինք, որ կալանավորվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը։
Օգոստոսի 26-ին հայտնել էինք, որ Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին 7 զինվորի վրաերթի ենթարկելու դեպքով ձերբակալվել է ՊՆ N զորամասի գումարտակի շտաբի պետը։
Նախաքննական մարմինը պարզել է, թե ինչու են զինվորները երեկոյան ուշ ժամին վազել Ճամբարակից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհով։
Բանն այն է, որ զինվորները զորամասի ճաշարանում բարձր զրուցել են, ու շտաբի պետը նրանց պատժելու նպատակով որոշել է Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին վազեցնել։
Եվ ահա, իրավապահները պարզել են, որ գումարտակի շտաբի պետի կողմից նշանակված պատիժը կամ տույժը օրենքով սահմանված բանակային կանոնակարգում չկա։
Դեռ ավելին՝ շտաբի պետը զինվորներին նման պատժի արժանացնելով՝ չի ապահովել վերջիններիս անվտանգությունը, ինչն էլ 7 զինվորի համար դժբախտ պատահարի հետևանք է դարձել, ու, ցավոք, մեկ զինվորի կյանք փրկել չի հաջողվել։
Նա Աբովյանի բնակիչ, 2007 թվականին ծնված Ս. Վարդանյանն էր։
Վիրավորներն էին 2007 թվականին ծնված Ժ. Հ.-ն, 2007 թվականին ծնված Ա. Ս.-ն, որը Երևանի բնակիչ է, 2007 թվականին ծնված Ս. Ա.-ն՝ Սյունիքի մարզի բնակիչ, 2007 թվականին ծնված Ս. Ե.-ն՝ Կոտայքի մարզի բնակիչ, 2008 թվականին ծնված Գ. Մ.-ն և 2008 թվականին ծնված Գ. Բ.-ն։
Դեպքից անմիջապես ձերբակալվել և այժմ կալանքի տակ է մեքենայի վարորդ Վահան Ճաղարյանը։
Իրավապահները պարզել էին, որ «ԳԱԶ-53» մեքենան պիտանի չի եղել շահագործման, իսկ վարորդը վարորդական վկայական չի ունեցել։
Եվ ահա, գումարտակի շտաբի պետը կալանավորված է, զինծառայողներին վրաերթի ենթարկած վարորդը նույնպես կալանավորվել է։ ՊՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել, իսկ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ուսումնասիրվում է նաև զորամասի հրամանատարի հնարավոր պատասխանատվության հարցը։


