Մամուլ

Երկաթուղային կայարանում անհայտ առարկայի պայթյունից վիրավորվել է երկու երիտասարդ

Գերմանիայի Աուգսբուրգ քաղաքի գլխավոր երկաթուղային կայարանում պայթել է անհայտ առարկա, ինչի մասին այսօր հայտնել է Bild թերթը։

Միջադեպի վերաբերյալ իրավապահները ահազանգ են ստացել տեղական ժամանակով մոտ 3:15-ին։ Ըստ թերթի՝ պայթած առարկան, հնարավոր է, եղել է ձեռքի նռնակ, որը պայթել է թուրքական ոսկերչական խանութի դիմաց։

Հյուսիսային Շվաբիա շրջանի ոստիկանությունը հաստատել է Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի փաստը, սակայն դրա պատճառի մասին տեղեկություններ չի հայտնել։

«Իզվեստիա»-ի փոխանցմամբ՝ գործակալության X-ի էջում նշվել է, որ մեկ այլ կասկածելի առարկայի հայտնաբերումից հետո քաղաքի գլխավոր երկաթուղային կայարանը ամբողջությամբ փակվել է։ Դադարեցվել է նաև գնացքների երթևեկությունը։

Mainpost թերթի հաղորդմամբ՝ պայթյունի հետևանքով երկու մարդ թեթև վիրավորում է ստացել և նրանց մոտ ախտորոշվել է թեթև ուղեղի ցնցում։ Վիրավորների թվում են 17-ամյա աղջիկ և 18-ամյա տղա։ Պայթյունի հետևանքով վնասվել են նաև մոտակա շենքերի պատուհանները։

Կիսվեք ձեր էջում