Այսօրվա «հարսի պարը» հիշեցնում է մարտարվեստի, հնդկաարաբական շարժումներ՝ հայկական երաժշտության տակ, պետք է դադարեցվի. Կարեն Գևորգյան
«Այլևս չեմ կարողանում հանդուրժել այն խայտառակությունը, որ տիրում է հայկական հարսանիքներում»,- նշել է Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար Կարեն Գևորգյանը՝ իր գրառումը վերնագրելով «Հարսի պարի աղետը»։
Նա գրել է. «Այսօր կանդրադառնամ մարտարվեստ հիշեցնող, հնդկաարաբական, իսկ որոշ տեղերում՝ աֆրիկյան հետամնաց ցեղերի շարժումներ հիշեցնող՝ հայկական երաժշտության տակ իրականացված պարերի մի ամբողջ կույտի, որը ոչ մի կապ չունի մեր հին հարսի մենապարի ավանդույթի, մտածողության, շարժողական համակարգի, աշխարհայացքի, բնավորության և այլ ազգային հատկանիշների հետ։
Իրականացվող նմանօրինակ հարսի պարերը ոչ միայն խեղաթյուրում են մեր պարի ավանդույթները, այլ ամբողջությամբ վերցնում են հարսի մենապարի խորհուրդը։
Հարսի մենապարը պատահական շարժումների կույտ չէ։ Այն մեր ազգային մտածողության, կնոջ կերպարի, հարսանեկան ծեսի և դարերով ձևավորված պարային մշակույթի արտահայտությունն է։ Իսկ այն, ինչ այսօր որոշ պարուսույցներ ներկայացնում են որպես «հարսի պար», հաճախ որևէ կապ չունի այդ ավանդույթի հետ։
Ավելին՝ նմանօրինակ պարուսույցների արարքը պարզապես մասնագիտական սխալ անվանելն արդեն բավարար չէ։ Երբ մարդը ազգային պարի անվան տակ գիտակցաբար կամ անգիտակցաբար խեղաթյուրում է մեր ավանդույթը և այդ խեղաթյուրումը փոխանցում հարսանեկան մշակույթին, դա հայ պարի նկատմամբ հանցագործ արարք է։
Այս ամենը պետք է դադարեցվի։
Սա ազգային արժանապատվության, մշակութային ժառանգության և մեր ինքնության պահպանման հարց է։
Եվ սա դեռ սկիզբն է։
Հետագայում այս թեմային անդրադառնալու եմ ավելի կոշտ։ Ներկայացնելու եմ կոնկրետ օրինակներ, ցույց եմ տալու այն խայտառակ երևույթները, որոնք այսօր տարածվում են հայկական հարսանիքներում, և խոսելու եմ նաև այն պարուսույցների մասին, ովքեր նմանօրինակ «հարսի պարեր» են ստեղծում ու տարածում»։


