Մամուլ

Սամվել Կարապետյանը տուգանվել է

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2026 թվականի հուլիսի 13-ին որոշում է կայացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին՝ գույքի և եկամուտների հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու համար։

Ըստ հանձնաժողովի՝ Սամվել Կարապետյանը, որպես կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամ և նախագահ, հանդիսացել է հայտարարատու պաշտոնատար անձ և պարտավոր էր ներկայացնել պաշտոնեական պարտականություններն ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի և եկամուտների հայտարարագիր։

Հայտարարագիրը սահմանված ժամկետում չի ներկայացվել։ Հանձնաժողովը 2026 թվականի մարտի 24-ին և 30-ին Սամվել Կարապետյանին ծանուցել է հայտարարագիր ներկայացնելու պարտականության մասին՝ տրամադրելով լրացուցիչ 30-օրյա ժամկետ։

Սակայն սահմանված ժամկետում ևս հայտարարագիրը չի ներկայացվել։
Սամվել Կարապետյանի ներկայացուցիչները նշել են, որ վերջինիս նկատմամբ կիրառված տնային կալանքի պատճառով հնարավոր չի եղել հավաքագրել հայտարարագրի լրացման համար անհրաժեշտ տվյալները, մասնավորապես՝ բանկային և առևտրային գաղտնիք պարունակող տեղեկությունները։ Նրանք խնդրել են երկարաձգել ժամկետները և հաշվի առնել առկա սահմանափակումները։

Հանձնաժողովը երկու անգամ երկարաձգել է վարչական վարույթի ժամկետը՝ հնարավորություն տալով Սամվել Կարապետյանին դիմել վարույթն իրականացնող մարմնին՝ տնային կալանքի պայմաններում բանկեր այցելելու և անհրաժեշտ տվյալներ ստանալու թույլտվություն ստանալու համար։

Սակայն Հանձնաժողովի տվյալներով՝ նման միջնորդություն ներկայացնելու կամ մերժում ստանալու վերաբերյալ ապացույցներ չեն ներկայացվել։ Հանձնաժողովը նշել է նաև, որ հայտարարագրի լրացման համար անհրաժեշտ տվյալները հնարավոր էր ստանալ նաև այլ եղանակներով՝ լիազորված անձի միջոցով կամ բանկային էլեկտրոնային ծառայություններից օգտվելով։

Սամվել Կարապետյանի ներկայացուցիչը նաև առաջարկել է կասեցնել վարչական վարույթը՝ մինչև քրեական վարույթով որոշում կայացնելը՝ նշելով, որ տնային կալանքը խոչընդոտում է հայտարարագիր ներկայացնելու պարտականության կատարմանը։

Հանձնաժողովը մերժել է վարույթը կասեցնելու հիմքերի առկայությունը՝ նշելով, որ քրեական և վարչական վարույթները վերաբերում են տարբեր հարցերի։ Ըստ Հանձնաժողովի՝ քրեական գործի արդյունքը չի հանդիսանում հայտարարագիր չներկայացնելու վերաբերյալ վարչական ակտ ընդունելու նախապայման։

Հանձնաժողովը նաև նշել է, որ 2026 թվականի հուլիսի 6-ից ուժի մեջ մտած քրեական դատավարության օրենսգրքի փոփոխություններով տնային կալանքի սահմանափակումները չեն տարածվում այն գործողությունների վրա, որոնք անհրաժեշտ են օրենքով նախատեսված պարտականությունների կատարման համար, եթե դրանց չկատարումը կարող է առաջացնել պատասխանատվություն։

Հանձնաժողովի գնահատմամբ՝ Սամվել Կարապետյանը, ստանձնելով կուսակցության նախագահի պաշտոնը, պետք է գիտակցեր իր վրա դրված հայտարարագրման պարտականությունը։ Հայտարարագիրը չներկայացնելը, ըստ Հանձնաժողովի, խաթարել է կուսակցությունների ֆինանսական թափանցիկության և հակակոռուպցիոն վերահսկողության նպատակները։

Որոշման մեջ նշվում է նաև, որ տվյալ հայտարարատուի գույքային դրության նկատմամբ առկա է եղել հանրային բարձր հետաքրքրություն, և հայտարարագրի բացակայությունը սահմանափակել է հանրության՝ քաղաքական ազդեցություն ունեցող անձանց ֆինանսական թափանցիկության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու հնարավորությունը։

Արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառել է վարչական տույժ՝ 200 հազար դրամի չափով։

Հանձնաժողովը նշել է, որ պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներ գործով չի արձանագրվել։

Նշենք, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ արդեն իսկ կիրառվել է 4 միլիարդ դրամի չափով գրավ, որը համարվում է երբևէ սահմանված ամենախոշորը, իսկ այժմ ԿԿՀ-ի որոշմամբ պետական բյուջեն կհամալրվի ևս 200 հազար դրամ վարչական տուգանքով։

Կիսվեք ձեր էջում