Տղամարդը 12-րդ հարկից ընկել է աղջկա վրա․ աղջիկը տեղում մահացել է
Ճապոնիայի Նագոյա քաղաքում ողբերգական դեպք է տեղի ունեցել․ 23-ամյա կինը մահացել է այն բանից հետո, երբ բազմահարկ շենքի 12-րդ հարկից ընկած տղամարդը հայտնվել է նրա վրա։ Այս մասին հայտնում է The Japan News-ը։
Ըստ հրապարակման՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով գիշերվա մոտ ժամը 01:00-ին։
29-ամյա Շինսեյ Տագուչին դեռևս անհայտ հանգամանքներում ընկել է շենքի 12-րդ հարկի պատուհանից և վայրէջք կատարել փողոցով անցնող 23-ամյա Հորու Ինաբայի վրա։
Միջադեպից հետո երկուսն էլ շտապ տեղափոխվել են հիվանդանոց։ Սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել երիտասարդ կնոջ կյանքը․ նա մահացել է ստացած ծանր վնասվածքների և ուժեղ արյունահոսության հետևանքով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ տղամարդը ողջ է մնացել, սակայն գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և շարունակում է մնալ անգիտակից։ Նրա առողջական վիճակը դեռևս թույլ չի տալիս իրավապահներին պարզել դեպքի բոլոր հանգամանքները։
Այչիի պրեֆեկտուրայի ոստիկանությունը հետաքննում է միջադեպը՝ պարզելու, թե արդյոք տեղի ունեցածը դժբախտ պատահար է եղել, ինքնասպանության փորձ, թե կան այլ հանգամանքներ, որոնք հանգեցրել են այս ողբերգությանը։


