Երևանում աղբատարը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
Այսօր՝ հուլիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 14:30-ի սահմաններում 66-ամյա Ռաֆիկ Դ.-ն իր վարած «KamAZ» մակնիշի աղբատար մեքենայով Նուբարաշենի աղբավայրից դեպի Նուբարաշենի խճուղի ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել Նուբարաշենի գերեզմանների քարե պարսպին և հայտնվել գերեզմաններում՝ մասամբ բախվելով շիրմաքարին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ռոման Խաչատրյանն ու կրտսեր պարեկ Վարդան Բարսեղյանը։
Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում։Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառը եղել է «KamAZ»-ի տեխնիկական խնդիրը՝ հիմնականում արգելակների հետ կապված։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան հաշվառված է Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի հաշվեկշռում։


