Ինչպես է սպիտակ ավտոմեքենան գալիս ու 30-ից ավելի կրակոցներ արձակում Էրեբունի թաղամասում
ArmLur.am-ի ձեռքի տակ է հայտնվել բացառիկ տեսանյութը Երևանում տեղի ունեցած աղմկահարույց հրաձգության վայրից, որտեղ Էրեբունու բնակելի շենքերի բակում, մարդկանց ներկայությամբ, արձակվել է 30-ից ավելի կրակոց։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է սպիտակ ավտոմեքենայով ժամանած անձը կրակ բացում, իսկ կրակոցների ձայնից խուճապահար քաղաքացիները փորձում են փրկվել։ Կադրերում երևում է նաև մի կին, որը գնումների տոպրակները ձեռքին փորձում է փախչել վտանգավոր տարածքից։
Հիշեցնենք, որ ՀՀ ՆԳՆ պաշտոնական տեղեկության համաձայն՝ հուլիսի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի Մուրացան 109 հասցեում տեղի է ունեցել հրաձգություն, որի հետևանքով կա զոհ։
Դեպքի վայրից մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել նաև 15-ամյա Գ․ Մարգարյանը։ ArmLur.am-ը պարզել է, որ նրա վիրավորումը պատահականության հետևանք չէ, և նա ևս առնչություն ունի տեղի ունեցած միջադեպի հետ։
Մեր տեղեկություններով՝ սպանվածը Երևանի Բելինսկու փողոցի բնակիչ, 20-ամյա Վահե Մկրտչյանն է։
Դեպքի վայրում արձանագրվել է նաև մեկ այլ ուշագրավ հանգամանք․ այնտեղ հայտնաբերվել է չպայթած նռնակ, ինչի պատճառով տարածք է ժամանել սակրավորների խումբ՝ այն վնասազերծելու նպատակով։
Քրեական վարույթի շրջանակում արդեն 4 անձի մեղադրանք է առաջադրվել, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կընտրվի կալանքը։
Իրավապահները չեն բացառում, որ գործն ունեցել է կազմակերպիչներ, որոնց ինքնությունը դեռևս չի հրապարակվում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ դեպքը կարող է առնչություն ունենալ բնակելի հատվածում գործող խաղատան հետ, որը միջադեպից հետո փակվել է։
Նույն աղբյուրների համաձայն՝ անձը, որի նկատմամբ, ըստ ամենայնի, ուղղված է եղել հարձակումը, դեպքի վայրից հեռացել էր կրակոցներից մոտ 10-15 րոպե առաջ, և արձակված պարկուճները իրենց նպատակին չեն ծառայել։


