«Ինքը լավ գիտեր, որ դա իմ թույլ տեղն է ու դրանով էր ինձ վախեցնում»․ Սկանդալային բացահայտումներ է անում՝ աշխատանքից ազատված լաբորատորիայի բժշկուհին
«Ինքը լավ գիտեր, որ դա իմ թույլ տեղն է ու դրանով էր ինձ վախեցնում»․ Սկանդալային բացահայտումներ է անում՝ աշխատանքից ազատված լաբորատորիայի բժշկուհին
Այս տարվա փետրվարի սկզբին հայաստանյան լրատվամիջոցների ու հասարակության ուշադրության կենտրոնում էր «Մասիս» բժշկական կենտրոնը: Կենտրոնի նորանշանակ տնօրեն Նունե Ավանեսյանը լաբորատորիայի աշխատողների աշխատանքը փորձելու համար մեզի փոխարեն լաբորատորիա էր ուղարկել թեյ՝ շաքարավազով ու պանիրով «համեմված» և լաբորատոր հետազոտության արդյունքում «հայտնաբերել էին» արյուն և լեյկոցիտներ։ Այսինքն՝ տվել էին ոչ առողջ մարդու մեզի ախտորոշում:
Դրանից հետո լաբորատորիայի որոշ աշխատակիցներ՝ այդ թվում բժշկուհին՝ Զարուհի Հարությունյանը, ազատվեցին աշխատանքից: Հասարակությունը սկսեց տարբեր մեկնաբանություններ անել կատարվածի շուրջ. ոմանք քննադատեցին նորանշանակ տնօրենին՝ աշխատակիցներին այդպիսի դաժան փորձության ենթակելու համար: Բայց շատերն էլ ողջունեցին նրա արարքը, հիմնավորելով, թե միայն այդպես կարելի է անբարխիղճ բուժաշխատողներին զգոնացնել:
Ամիսներ անց մեր խմբագրություն է դիմել լաբորատորիայի՝ աշխատանքից ազատված բժշկուհի Զարոհի Հարությունյանը, ով 30 տարի աշխատել է այդ բուժհաստատությունում: Նա համարում է, որ իր հանդեպ տեղի ունեցածն ապօրինություն է, տնօրենը ոտնահարել է իր աշխատանքային եւ մարդկային իրավունքները, ինչն էլ ինքը պատրաստվում է վերականգնել: Ներկայացնում ենք բժշկուհու հետ հարցազրույցը:
-Դեպքից անմիջապես հետո տնօրենը ամբողջ լաբորատորիային անվստահություն հայտնեց եւ ասաց, որ աշխատանքից ազատվելու դիմում գրենք: Մարդիկ կային, որոնք գրեցին, ես հրաժարվեցի գրել: Ինքը ինձ կանչեց՝ հարցրեց, թե ինչու չեմ գրում: Ասացի՝ այդպես եմ ճիշտ համարում: Ասաց, որ միեւնույնն է՝ ես աշխատանքից ազատվելու եմ: Այնուհետեւ ինչ-որ հոդվածներով հիմնավորված ծանուցում ուղարկեց:
Այդ ընթացքում էլի չէր հանգստանում, ամեն օր մարդիկ էր ուղարկում մոտս, որոնք ուզում էին ինձ հավաստիացնել, որ թեյից մեզի անալիզի պատասխան ենք ստացել, մեղավոր ենք: Իբր նույն մարդու, այսինքն՝ իր, արյան անալիզներից տարբեր արդյունքներ ենք արձանագրել: