Ոտքին կրակել, ծեծել, ապա վրաերթի ենթարկել․ Արաբկիրի միջադեպի մանրամասները
Քննչական կոմիտեից հայտնեցին, որ Վաղարշյան փողոցում հնչած կրակոցների դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանության փորձը՝ մի խումբ անձանց կողմից) և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը՝ մի խումբ անձանց կողմից)։
Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։
Հայտնի դարձավ, որ տեսանյութում կրակոց արձակողին կալանքի չեն տանում, այլ կալանքի են տարել միջադեպի մեկ այլ մասնակցի։
Դատելով իրավապահ մարմինների հայտարարությունից՝ տպավորությունն այնպիսին է, որ միջադեպի մասնակիցները ենթարկվում են պատասխանատվության, իսկ գործը բացահայտված է, սակայն փաստացի քրեական վարույթով բազմաթիվ հարցեր շարունակում են կասկածելի թվալ։
Ինչն է եղել Վաղարշյան փողոցի 24/6 շենքի բակում կրակոցների պատճառը։ Ըստ հասած տեղեկությունների՝ մեքենաներ են բակի հատվածում վթարի ենթարկվել, և վթարի ենթարկված մեքենաների վարորդները դուրս են եկել ու սկսել են միմյանց մեղադրանքներ հնչեցնել, ճիշտ ու սխալի հարց բարձրացնել։
Հնչել են հայհոյանքներ, որից հետո բանը հասել է փայտով, քարով միմյանց հարվածելու և կրակոցներ արձակելուն։
Հիշեցնենք որ հուլիսի 12-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Վաղարշյան փողոցի 24/6 շենքի բակային հատվածում միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ և կան վիրավորներ։
Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, գնդակ, վնասված ավտոմեքենաներ, մեկ այլ ավտոմեքենայի վրա էլ առկա է կրակոցի հետք, իսկ մեկ այլ ավտոմեքենայի վրա՝ արնանման հետքեր։ Հայտնաբերվել է նաև կացինի պոչ, որի վրա նույնպես եղել են արնանման հետքեր, ինչպես նաև գլխարկներ և հողաթափեր, որոնց վրա ևս առկա են եղել արնանման հետքեր։
Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ բաժնի պետ Ազատ Դանիելյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Տեսանյութը ստորև․



