Ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից. կա 6 տուժած
Նոր Զելանդիայի մայրաքաղաք Վելինգտոնում հունիսի 6-ի երեկոյան ուղևորատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով վեց մարդ է տուժել, հայտնում է AFP գործակալությունը։
Ոստիկանության տեղեկություններով՝ արտակարգ ծառայություններն ահազանգը ստացել են տեղական ժամանակով ժամը 19:20-ի սահմաններում։
Դեպքը տեղի է ունեցել Վելինգտոնի արվարձաններից մեկում գտնվող Քհանդալա կայարանում, որտեղ գնացքը դուրս է եկել ռելսերից։
Բոլոր ուղևորները ժամանակին տարհանվել են։ «Wellington Free Ambulance» շտապօգնության ծառայության ներկայացուցիչների փոխանցմամբ՝ տուժածները ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ՝ թեթևից մինչև ծանր։
Ականատեսների խոսքով՝ վթարից անմիջապես առաջ լսվել է ուժեղ դղրդյուն։ Վելինգտոնի քաղաքային խորհրդի անդամ Դայան Քելվերտը նշել է, որ լսել է «պայթյուն հիշեցնող հսկայական, բայց կարճատև ձայն»։
Դեպքի վայրում աշխատել են շտապօգնության, հրշեջ-փրկարարական և ոստիկանական բազմաթիվ խմբեր։
Կայարանի հարակից տարածքը շրջափակվել է։
Վթարի վայրում աշխատող լրագրողների հաղորդմամբ՝ վագոններից մեկը ռելսերից դուրս գալու հետևանքով լրջորեն վնասվել և դեֆորմացվել է։
Դեպքի պատճառները դեռևս չեն պարզվել։ Հետաքննությունը շարունակվում է։


