Մամուլ

Վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել դեպի Եվրոպա

Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների նկատմամբ սահմանափակումների պայմաններում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն արտահանվել է դեպի Եվրոպա և այլ երկրներ։

«Երբ տեղ հասնեն, նոր կասեմ, թե կոնկրետ որ երկրներ են։ Ոչ մի ապրանք չի մնալու», – հունիսի 2-ին Գեղարքունիքում նախընտրական քարոզարշավի ընթացքում ասել է Փաշինյանը։

Նախօրեին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել էր, որ հայկական արտադրանքը կարտահանվի Հունաստան, Գերմանիա և այլ երկրներ։

Նրա խոսքով՝ նախարարությունը մշակել է արտահանման աջակցության ծրագրեր դեպի Եվրոպական միություն և Մերձավոր Արևելքի երկրներ՝ նախատեսելով տրանսպորտային ծախսերի և մաքսատուրքերի մասնակի փոխհատուցում։

«Եվրոպական միություն արտահանումը կրկնապատկվել է։

Նպատակ ունենք մինչև տարեվերջ այն քառապատկել կամ նույնիսկ հնգապատկել», – նշել է Պապոյանը։

Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Ռուսաստանը կոշտացրել է իր հռետորաբանությունը Երևանի նկատմամբ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը վաղ թե ուշ ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև։

Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը ներկայում Հայաստանի օրակարգում չէ։

Այս հայտարարությունների ֆոնին Ռուսաստանը շարունակում է սահմանափակել հայկական արտադրանքի մուտքը իր շուկա։

Հունիսի 2-ից արգելվել է հայկական ձկնամթերքի ներմուծումը՝ բացառությամբ երկու ընկերության արտադրանքի։

Մայիսի 30-ից «Ռոսպոտրեբնադզոր»-ի որոշմամբ սահմանափակվել է նաև հայկական մրգերի և բանջարեղենի ներմուծումը։

Ավելի վաղ նմանատիպ սահմանափակումներ էին կիրառվել ծաղիկների, «Ջերմուկ» հանքային ջրի, ինչպես նաև մի շարք տեղական արտադրողների կոնյակի և գինու նկատմամբ։

Կիսվեք ձեր էջում