Մամուլ

Հրդեհ գիշերօթիկ դպրոցում. 16 աշակերտ է զոհվել

Քենիայի մայրաքաղաք Նայրոբիից շուրջ 120 կմ հյուսիս-արևմուտք գտնվող Գիլգիլ քաղաքի գիշերօթիկ դպրոցում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել է 16 աշակերտ, հաղորդում է BBC News-ը։

Դեպքի հետևանքով տասնյակ երեխաներ մարմնական վնասվածքներ են ստացել և տեղափոխվել բուժհաստատություններ։

Քենիայի կրթության նախարար Ջուլիուս Օգամբայի խոսքով՝ 71 աշակերտ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ յոթը շարունակում են բուժում ստանալ։

Նախարարը նշել է, որ հրդեհի առաջացման պատճառները դեռևս հայտնի չեն․ իրավապահ մարմինները շարունակում են հետաքննությունը։

Հրդեհը բռնկվել է հինգշաբթի վաղ առավոտյան «Ուտումիսի» կանանց ակադեմիայում, այն պահին, երբ աշակերտուհիները քնած էին։

Ըստ պաշտոնական տվյալների՝ կրակը սկսվել է հանրակացարանի առաջին հարկում և կարճ ժամանակում ամբողջությամբ պատել շենքը։

Ոստիկանության տեղեկություններով՝ հրդեհը սկսվել է տեղական ժամանակով մոտ ժամը 01:00-ին և ընդգրկել հանրակացարանը, որտեղ բնակվում էր շուրջ 220 աշակերտ։ Ողբերգության պահին դպրոցում եղել է ավելի քան 800 երեխա։

Կիսվեք ձեր էջում