Լարված իրավիճակ Փարաքարում. բնակիչները մասնակիորեն փակել են Էջմիածին-Երևան ավտոճանապարհը
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 23-ի վաղ առավոտից Արմավիրի մարզի Փարաքար, Թաիրով գյուղի մեծ թվով բնակիչներ մասնակի փակել էին Էջմաիծին-Երևանի ավտոճանապարհը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչներն այդկերպ իրենց բողոքի ձայն էին բարձրացնում այն հարցի շուրջ, որ ավտոճանապարհի հանդիպակաց և համընթաց երթևեկելի գոտիները բաժանող հատվածում ընթանում են երկաթե արգելապատնեշների փոխարինում և նորի տեղադրում:
Բնակիչներն ասում էին, որ նոր տեղադրվող արգելապատնեշները նախագծով լինելու են 3 մետրից բարձր, ինչի պատճառով իրենք, այսպես կոչված, «բանտային» պայմաններում պետք է ապրեն: Նաև, որ նշված հատվածում բացակայում են ավտոմեքենաների հետադարձի համար նախատեսված տեղերը, իսկ հետիոտների համար՝ անցումները:
Նրանք դիմեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հույս ունենալով, որ նա անտարբեր չի գտնվի առաջացած խնդրի շուրջ և համապատասխան կարգադրություններով բնակիչների հետ կգան ընդհանուր հայտարարի, քանի որ բնակիչներն ունեն իրենց առաջարկը:
Աղբյուր՝ shamshyan.com