Նուբարաշեն ՔԿ խցերից մեկում հայտնաբերվել է մանկապղծության համար կալանավորված տղամարդու դին
Այսօր ժամը 17։40-ի սահմաններում՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի խցերից մեկում կախված դի են հայտնաբերել։ Դեպքի վայր են ժամանել քրեակատարողական ծառայության օպերատիվ վարչության ծառայողները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նշված բանտի 1-ին հարկի 2-րդ խցում կախված վիճակում հայտնաբերվել է կալանավոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 51-ամյա Մհեր Ղ․-ի դին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինը ինքնասպանություն գործելու նպատակով կախվել է։
Դեպքի մասին քրեակատարողական ծառայությունից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Ռոման Մախմուդյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աղբյուրի տեղեկություններով՝ Մհեր Ղ․-ն մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 4-րդ մասի (սեքսուալ բնույթի բռնի գործողությունը՝ ընտանեկան դրությամբ կամ հաշմանդամությամբ պայմանավորված խոցելի վիճակում գտնվող անձի նկատմամբ) հատկանիշներով։



