Թուրքիայում հնարավոր է հանտավիրուսով վարակվածներ լինեն
«MV Hondius» զբոսաշրջային նավից «Հանտավիրուսի» կասկածով տարհանված Թուրքիայի երեք քաղաքացիներ տեղափոխվել են Ստամբուլ և այժմ գտնվում են կարանտինային վերահսկողության ներքո։ Թուրքիայի առողջապահության նախարարության կազմակերպմամբ նրանք հատուկ չվերթով վերադարձվել են հայրենիք և մեկուսացվել։
Նախնական բուժզննման արդյունքներով՝ վարակին բնորոշ ախտանշաններ չեն արձանագրվել, սակայն բժիշկները շարունակում են հետևել նրանց առողջական վիճակին՝ հաշվի առնելով «Հանտավիրուսի» ինկուբացիոն շրջանը։
Հիշեցնենք, որ իրավիճակը սրվել էր Արգենտինայից մեկնած ուղևորության ընթացքում գրանցված մահվան և կասկածելի վարակման դեպքերից հետո։ Տարհանման գործողությունը կազմակերպվել է Իսպանիայի Կանարյան կղզիներում՝ անվտանգության խիստ միջոցառումների պայմաններում։
Նշվում է նաև, որ «Հանտավիրուսը» փոխանցվում է հիմնականում կրծողների միջոցով և կարող է հանգեցնել ծանր շնչառական ու երիկամային բարդությունների։


