Հայաստանին և Ադրբեջանին մաղթում եմ կայուն և տևական խաղաղություն. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ ագագաթնաժողովում ելույթի ժամանակ Հայաստանին և Ադրբեջանին մաղթեց կայուն, համապարփակ և տևական խաղաղություն։
Վոլոդիմիր Զելենսկին կարևորեց Հայաստանի մասնակցությունն այս լայնամասշտաբ ձևաչափում՝ բոլոր եվրոպացիների հետ միասին։
Նա նշանակալից փաստ համարեց այն, որ 24 տարվա ընթացքում Ուկրաինայի նախագահն առաջին անգամ այցելում է Հայաստան։
«Մարտահրավերներն ակնհայտ են։ Առաջին հերթին մենք բոլորս տեսնում ենք, որ Իրանում պատերազմը դեռևս շարունակվում է չվճռված մնալ, և դա կարող է երկար ժամանակ անկայունության պատճառ դառնալ։ Եվ սա կարող է հանգեցնել լուրջ քաղաքական փոփոխությունների։
Ուստի, առաջին հերթին, մեր էներգետիկ և անվտանգության համագործակցությունը պետք է լինի իրական համագործակցություն, և մենք պետք է միմյանց օգնենք ձմռանը նախապատրաստվելու և էներգետիկ մարտահրավերների հաղթահարման գործում, ինչպես նաև պետք է ջանքեր գործադրենք Հորմուզի նեղուցի և Իրանի ժողովրդի համար երկարաժամկետ լուծում գտնելու ուղղությամբ»,-նշեց Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը նշեց նաև, որ Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի և Եվրոպայի դեմ շարունակվում է նույնքան ուժգին, որքան նախկինում։ Ըստ նրա՝ այս ամառը լինելու է այն ժամանակահատվածը, երբ ՌԴ նախագահը կորոշի՝ հաջորդ քայլը որն է լինելու՝ պատերազմը ընդլայնել, թե՞ դիմել դիվանագիտության։
«Ես երախտապարտ եմ բոլոր առաջնորդներին՝ ռազմական արդյունաբերության և ռուսական բանկերի դեմ ուղղված պատժամիջոցների համար։ Մենք պետք է շարունակենք այս ճնշումը։ Քանի դեռ այս պատերազմը շարունակվում է, Ուկրաինային ցուցաբերվող ամուր աջակցությունը պետք է շարունակվի։



