Լևոնն էլ է հպարտանում ինձնով․ լավ է գոնե ես չեմ կորցրել ինքնաքննադատի իմ լավագույն հատկանիշը․ Էվելինա Ստեփանյան
Դերասանուհի Էվելինա Ստեփանյանն այսօր նշում է իր ծննդյան 26-ամյակը: Նա ինստագրամյան իր էջում գրում է․
«Ծնողներս՝ հատկապես էմոցիոնալ մայրս (հայրս ավելի զուսպ է զգացմունքներն արտահայտելիս, իրեն եմ նման այդ հարցում)), ասում է՝ երբ ծնվեցիր, դարձար օդս ու ջուրս, կյանքիս իմաստը։
Արդեն 26 եմ, ու դեռ ապրում եմ ընտանիքիս ստեղծած երանելի ու անբացատրելի սիրո աշխարհում։
Մեր ընտանիքում բոլորն ինձնից միշտ գոհ են ու ինձնով հպարտ, Լևոնը նույնպես այդ հարցում համալրում է նրանց շարքերը, լավ է գոնե ես չեմ կորցրել ինքնաքննադատի իմ լավագույն հատկանիշն ու պատասխանատվությանս բարձր զգացողությունը ))։
Մանկուց մեծանալ ու գտնվել քեզ սիրող, ուժ տվող ու աջակցող ընտանիքում, հետո ինքդ քեզ համար ստեղծել այդպիսի միջավայր ու գտնել քո ուրախությամբ ի սրտե ուրախացողների՝ լավագույնն է, ինչ կարող էր հանդիպել ինձ իմ ճանապարհին։
Թե ինչքան բան եմ հասկացել ես իմ 26-ում՝ այդ մասին կլռեմ, որքան շատ բան եմ իմանում, այնքան ավելի եմ համոզվում՝ ոչինչ էլ չիմանալուս մեջ։
Կյանքն ու ընտանիքս ինձ լուռ՝ օրինակ ծառայելով, սովորեցրել են ամենակարևորը՝ այդ մասին էլի կլռեմ, որ ծննդյանս հրապարակումը ինքնագովեստի չվերածվի))։
Այ կաղաղակեմ այն մասին, թե որքան շատ եմ սիրում կյանքն իր գույներով՝ գորշ ու վառ, բոլոր խայտաբղետ իրադարձություններով, օրերով ու տրամադրություններով։ Ես սիրում եմ քեզ, կյաաանք, դու լավագույն նվերն ես, որ Աստծո կամոք ու ծնողներիս միջոցով շնորհվել է ինձ։
Անցնենք բարձրաձայնելու իմ ներքին վիճակի մասին․ ծննդյանս օրով գոնե կարելի է։ Անվերջ շնորհակալ եմ Ամենակարող Տիրոջը՝ ԱՄԵՆԻ ՀԱՄԱՐ…
Քանի կամ, շնորհակալությունը մտքումս է, հոգումս է, խոսքումս, գործումս, քնած թե արթուն՝ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ, բոլորիդ, սիրելի մարդիկ։
Ես թշնամիներ չունեմ, սիրում եմ աշխարհում այն ամենը, ինչ Արարիչն է ստեղծագործել, հետևաբար սիրում եմ ԱՄԵՆԸ։
Տերը թող պահի ու պահպանի աշխարհի խաղաղությունն ու բոլորիս սրտերի բարությունը։
Իմ հարազատ ու մտերիմ մարդկանց գրկում եմ ու սիրում առանձնահատուկ սիրով, չլինեիք դուք՝ չէի լինի ես, գոնե այնպիսին, ինչպիսին կամ։
Շնորհավոր ծնունդդ, Էվ»։


