Երևանում մոմավառություն է անցկացվել՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի
Երևանի Պարոնյան–Լեո խաչմերուկում տեղի է ունեցել մոմավառություն և հիշատակի երեկո՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի։
Այսօր՝ ժամը 18:00-ի սահմաններում, մի խումբ քաղաքացիներ ծաղիկներ և խաղալիքներ են բերել դեպքի վայր՝ հարգանքի տուրք մատուցելով երիտասարդ կնոջ և նրա չծնված երեխայի հիշատակին։ Այնտեղ իրականացվել է նաև մոմավառություն։
Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլի 26-ին, նույն խաչմերուկում, ՀՀ վարչապետի ավտոշարասյան ուղեկցող մեքենաներից մեկը վրաերթի էր ենթարկել 28-ամյա, 31 շաբաթական հղի Սոնա Մնացականյանին։ Վրաերթն իրականացվել էր Ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի ծառայողական «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով, որը վարում էր հրամանատար Արամ Նավասարդյանը։
Մնացականյանը տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, սակայն գիտակցության չգալով՝ մահացել էր։ Չէր հաջողվել փրկել նաև նրա չծնված երեխայի կյանքը։
Դեպքի շուրջ քննությունը տևել է շուրջ երեք տարի, և 2025 թվականի օգոստոսին դատարանը Արամ Նավասարդյանին մեղավոր է ճանաչել ճանապարհային կանոնների խախտմամբ մահվան ելքով վրաերթ կատարելու և դեպքի վայրը լքելու համար։ Նրան նշանակվել է 1.5 տարվա ազատազրկում, ինչպես նաև վարորդական իրավունքից զրկում՝ 1.5 տարի ժամկետով, և փոխհատուցման պարտավորություն։
Ներկայումս դատավճիռը բողոքարկման փուլում է, և գործը քննվում է վերաքննիչ դատարանում։


