Մեր երկու հասարակություններն էլ արդեն զգում են խաղաղության իրական օգուտները տնտեսական, առևտրային և այլ ոլորտներում.Ալիև
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստացել են «Գերնիկա» մրցանակ՝ երկու երկրների միջև խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրած ջանքերի համար։
Իսպանիայում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանը Փաշինյանի անունից ստացել է մրցանակը, հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանատունը:
Իլհամ Ալիևը մրցանակի ստացման կապակցությամբ ուղերձ է հղել՝ նշելով, որ միջոցներ են ձեռնարկում խաղաղության ամրապնդման և այն գործնականում կյանքի կոչելու համար:
«Մեր երկու հասարակություններն էլ արդեն զգում են խաղաղության իրական օգուտները տնտեսական, առևտրային և այլ ոլորտներում: Այսօր Ադրբեջանը երրորդ երկրներից իր տարածքով ապահովում է սեփական նավթամթերքի, ինչպես նաև ցորենի և այլ ապրանքների արտահանումը Հայաստան», – նշել է նա:
Ըստ Ալիևի՝ երկու երկրների միջև վստահության ամրապնդման միջոցառումները, իրենց հերթին, կարևոր նշանակություն ունեն տևական խաղաղության հաստատման համար:
«Ադրբեջանի և Հայաստանի օրինակը վկայում է այն մասին, որ չնայած ձգձգված հակամարտությանը, տառապանքներին և փոխադարձ անվստահությանը, խաղաղության կարելի է հասնել ուժեղ քաղաքական կամքի և միջազգային աջակցության առկայության դեպքում», – շեշտել է Ալիևը:



