Մամուլ

Ծեծկռտուք Երևանում հարևանների միջև․ գումարային հարցի շուրջ ծագած վեճը քիչ է մնացել տխուր ավարտ ունենա

Ապրիլի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 51-ամյա Արմեն Մ․-ն և հայտնել, որ հարևանը զենքով հարձակվել է իր տան վրա։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ տեղում պարզվել է, որ նույն օրը ժամը 23։10-ի սահմաններում Արմեն Մ․-ն գնացել է իր հարևան՝ 49-ամյա Ասատուր  Հ․-ի տուն, որտեղ գումարային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ միմյանց հրել են, որից հետո Ասատուր Հ․-ն պլաստմասե տուփով հարվածել է Արմեն Մ․-ի գլխին, և նույն տուփից հանելով ատրճանակը, սպառնացել է սպանել, ինչից հետո Արմեն Մ․-ն վերջինիս ձեռքից վերցնելով նշված ատրճանակը հեռացել է, որից հետո ապրիլի 17-ին ժամը 00։30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից Արարատյան փողոցի 62/2 շենքի բնակարաններից մեկից Ասատուր Հ․-ն հոգեկան ներգործության ենթարկելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժին։

Աղբյուրի տեղեկություններով Արմեն Մ․-ն ոստիկանության Շենգավիթի բաժնում ներկայացրել է նշված ատրճանակը։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվեք ձեր էջում