Սպորտ

Թոփուրիան կոպիտ կերպով վիրավորել է Ծառուկյանին

UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիան խիստ քննադատական և վիրավորական արտահայտություններ է արել նույն քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի հասցեին։

Թոփուրիան կասկածի տակ է դրել Ծառուկյանի վարքագիծն ու մտածելակերպը՝ հայտարարելով.

«Ես իսկապես ապշած եմ՝ որքան հիմար է նա։ Նրա մտածելակերպը երեխայի է նման։ Այն ամենը, ինչ տեսնում եմ նրա մասին համացանցում, լիակատար խայտառակություն է։ Ո՞ւմ է նա ընդհանրապես հետաքրքրում։ Ինձ դուր չի գալիս, երբ մարդիկ ձևացնում են, թե հարուստ են և ցուցադրում են իրենց գումարը։

Դու այնքան աղքատ ես, որ միակ բանը, որ ունես, փողն է։ Այն էլ ծախսում ես հորդ, այլ ոչ թե քո վաստակածը։ Նա պարզապես երեխա է»,— ասել է Թոփուրիան։

Խոսելով հնարավոր մենամարտի մասին՝ նա վստահություն է հայտնել իր ուժերի նկատմամբ և Ծառուկյանին խորհուրդ տվել կենտրոնանալ այլ զբաղմունքների վրա.

«Նա իմ մակարդակին չէ։ Եթե մենք հանդիպենք, ես առաջին ռաունդում կկոտրեմ նրա ծնոտը։ Ի՞նչ է նա անելու՝ փորձելու է ինձ տապալե՞լ։ Եղբա՛յր, խնդրում եմ, լսիր ինձ. մասնակցիր քո ըմբշամարտի մրցաշարերին, վարիր քո սթրիմները, իսկ երբ գա պահը, պարզապես եղիր այնտեղ, և ես կանեմ մնացածը»,— ասել է նա։

Կիսվեք ձեր էջում