Կոտայքի մարզում բախվել են 3 ավտոմեքենա․ Opel-ը հայտնվել է ձորակում, կան վիրավորներ
Այսօր՝ ապրիլի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 17։30-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 125 կմ հատվածում, «Պոլկովնիկ» ռեստորանի հարևանությամբ բախվել են «Mazda», «Rivian» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մի մասը «Աբովյան», մյուս մասը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններ։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։


