Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանել է եվրոպական լրատվամիջոցների հարցերին
Ապրիլի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն, դոկտոր Հայր Թոմաս Շվարցի գլխավորած պատվիրակությանը, որում ընդգրկված էին եվրոպական տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Հայր Թոմաս Շվարցը Նորին Սրբությանը ներկայացրեց պատվիրակության անդամներին՝ նշելով, որ նրանք Հայաստան են ժամանել՝ տեղում ծանոթանալու երկրում առկա իրավիճակին և եկեղեցական ու հասարակական կյանքի ներկա իրողություններին։
Վեհափառ Հայրապետը ողջունեց հյուրերի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, խոսեց Հայոց Եկեղեցու կարևոր դերակատարության մասին հայ ժողովրդի կյանքում և ընդգծեց, որ պատմության դժվարագույն պահերին Եկեղեցին իր հոգևոր և ազգապահպան առաքելությամբ առաջնորդել է ժողովրդին՝ հավատով և հույսով դիմագրավելու բոլոր մարտահրավերներին։
Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց նաև Հայաստանում և տարածաշրջանում առկա մարտահրավերներին ու զարգացումներին։
Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը պատասխանեց հյուրերի հարցերին, որոնք վերաբերում էին Եկեղեցի-պետություն հարաբերություններին, Հայաստանյայց Առաքելական և Քույր Եկեղեցիների փոխհարաբերություններին, ինչպես նաև տեղահանված արցախահայերին ուղղված Եկեղեցու սոցիալական ծրագրերին։



