Մամուլ

«Բազմաթիվ առողջական խնդիրներ ունի, չեն ազատում ծառայությունից»․ զինվորի ծնողներն ահազանգում են. տեսանյութ

2025 թվականի հունվարի 31–ին պարտադիր ծառայության զորակոչված 20-ամյա Սոս Բերուջանյանի ծնողներն անելանելի վիճակում են հայտնվել՝ իրենց որդին, պնդում են, մի շարք հիվանդությունների պատճառով պիտանի չէ ծառայության, սակայն պաշտպանության նախարարությունը չի զորացրում նրան։

Ամեն ինչ սկսվել է զորակոչվելուց մեկ ամիս անց, երբ տղան թոքաբորբով է հիվանդացել և հոպիտալացվել։

«20 օր հետո բուժեցին, հետ ուղարկեցին, 10-15 օր հետո այլ խնդիրներ առաջացան, հոգեբանական խնդիրներ առաջացան։ ՄԻՊ–ին դիմեցինք, միջնորդեց, տեղափոխեցինք Կանազի հոսպիտալ։

Հետազոտություն անցավ, ճանաչեցին ծառայությանը ոչ պիտանի, մի ամիս հետո պիտի ազատեին, բայց արյան խնդիր էին գտել։ Մոտ 3 ամիս բուժել են, հոկտեմբերի 13–ին հոսպիտալի կողմից ոչ պիտանի է ճանաչվել, նույն օրը ԿՌԲՀ–ն ճանաչել է պիտանի ծառայության»,–NEWS.am–ի հետ զրույցում պատմեց Սոսի հայրը՝ Վլադիմիր Բերուջանյանը։

Զինվորի հոր մոտ հարց է առաջանում՝ ինչպես կարող են նույն օրը իրականացված երկու հետազոտության արդյունքները հակասել իրար։ Զորամաս վերադառնալուն պես, Սոսը, ինչպես պատմում է նրա հայրը, հրաժարվել է ծառայությունից՝ հայտնելով, որ առողջական վատթարացող վիճակի պատճառով ի վիճակի չէ շարունակելու ծառայությունը զինված ուժերում՝ անգամ հատուկ զորամասում։

Դրանից հետո քրեական վարույթ է նախաձեռնվել, Սոսին մեղադրանք է առաջադրվել զինվորական ծառայությունից հրաժարվելու հատկանիշներով։ Վլադիմիրի խոսքով, սակայն, որդին 7 հիվանդություն ունի՝այդ թվում սրտի առիթիմիա, մեջքի սկոլիոզ, հոգեկան առողջության հետ կապված խնդիր. ինչպե՞ս պետք է շարունակի ծառայությունն այդ վիճակում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվեք ձեր էջում