Մեր ամեն օրը լցված է քեզնով, Պապ ջան․ ո՞վ ուներ իրավունք քեզ զրկել մեզանից․ Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը
Երանի… Երանի ժամանակը հետ տալ լիներ, գուցե շատ բաներ այլ կերպ լինեին։ Այս մասին Ինստագրամի իր էջում գրել է Փարաքար համայնքի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի դուստրը՝ Մարինե Գրիգորյանը։
«Դուք չեք կարող պատկերացնել, թե ինչ դաժան ցավ է ապրում մեր ընտանիքը, և Աստված չանի՝ ինչ-որ մի օր ինչ-որ մեկը զգա այն, ինչ զգացել ենք և զգում ենք մինչ օրս մենք։
Աշխարհի ամենաանարդար իրականություն։
Արդեն կես տարի է, ինչ մեր Պապային սպանել են։ Ես իմ բոլոր գրառումներում խուսափել եմ այս բառից, որովհետև չեմ ուզում գիտակցել, թե իրականում ինչ է կատարվել։ Մեր Պապային սպանել են և զրկել են ինձ, քույրիկներիս, եղբորս հոր ջերմությունից… Ո՞վ ուներ այդ իրավունքը, հանուն ինչի՞, ինչի՞ համար։
Ամեն օր սպասում եմ արդարությանը, աղոթում եմ ու երազում։ Աստված, խնդրում եմ, ուժ տուր, որ դիմանանք, որ կարողանանք հաղթահարել այս դաժան իրականությունը։
Մեր ամեն օրը լցված է քեզնով, Պապ ջան։ Այն, որ ֆիզիկապես մեզ հետ չես, չի փոխում այն փաստը, որ մեկ է ապրում ես, քանի դեռ ապրում ենք մենք, և այդպես միշտ է լինելու։ Սերունդներ շարունակ քո անունը բոլորս հերթով միշտ բարձր ենք պահելու, քո մասին երբեք ոչ մեկ չի մոռանա, և քո տված կյանքի դասերով են դաստիարակվելու քո թոռներն ու ծոռները։
Քո ուժը թողել ես Մամային, նա է հիմա երկրի վրա քո փոխարեն, մենք էլ նրա կողքին կանգնած, աշխարհի ամենահպարտն ենք, որ հենց քո զավակներն ենք, մեր ուժը, մեր տունը, մեր սիրտը ու հոգին հենց դու ես Քո օրհնությամբ, Պապ ջան, թող ամեն բան կատարվի։ Անսահման սիրում և կարոտում ենք»։


