Գեղարքունիքում փրկարարները, պարեկներն ու բժիշկները ձորը գլորված կնոջը հայտնաբերել ու տեղափոխել են ԲԿ
Shamshyan.com-ը հայտնում է, որ, այսօր՝ մարտի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի բաժնում օպերատւվ տեղեկություններ են ստացվել, որ Ճամբարակ խոշորացված համայնքի Մարտունի բնակավայրի «Ջաղի ձոր» կոչվող տարածքում կինը սարից գլորվել ու հայտնվել է ձորում, և նրան դուրս բերելու համար օգնություն է անհրաժեշտ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ճամբարակի համայնքային ոստիկանները, Ճամբարակի հրշեջ-փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները, «Ճամբարակ» բժշկական կենտրոնի բժիշկներն ու քաղաքացիները, այդ թվում՝ վիրավորի հարազատները։
Քաղաքացիները, փրկարարները, համայնքային ոստիկանները, պարեկներն ու բժիշկները հայտնաբերել են վիրավոր ու անօգնական կնոջը, ապա նրան մեծ դժվարությամբ պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, որտեղ բժիշկները նախ տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Ճամբարակ» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


