Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման
Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանը դատապարտվել է ազատազրկման՝ 16 տարի ժամկետով։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Սամվել Յուզբաշյանի նախագահությամբ, մարտի 18-ին հրապարակել է 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանի՝ առանձին դաժանությամբ սպանության գործով դատավճիռը։
Նշենք, որ հանրային մեղադրողը միջնորդել էր Նարեկ Սարգսյանի նկատմամբ որպես պատիժ նշանակել 17 տարի ժամկետով ազատազրկումը, տուժող կողմը՝ 20 տարվա ազատազրկում։
Պաշտպանության կողմը համաձայն չէ դատավճռի հետ, շարունակում են պնդել, որ Նարեկ Սարգսյանը դեպքի հետ առնչություն չունի։ Աննա Ծառուկյանը «Փաստինֆո»–ի հետ զրույցում նշել է՝ դատական ակտն ապօրինի է։
«Չմոռանանք, որ կա անձ, ով դատարանում հայտարարել է, թե սպանությունն ինքն է կատարել։ Հիմա, եթե պետությունը՝ դատական համակարգով, ըստ էության, պաշտպանության տակ է առնում քննչական և դատախազական համակարգը, որովհետև իրենք էլ են հասկանում, որ դա գործ չէ, որ քննել են։ Քրեական գործն ի սկզբանե մեկ ուղղությամբ է քննվել, սկսված՝ քրեական գործ հարուցելիս Նարեկ Սարգսյանի անունը նշված է եղել, որ կատարել է համապատասխան գործողությունը, դա չի նշանակում, որ անմեղ մարդուն դատելով՝ համակարգը պետք է փրկի դեմքը»,- հայտարարեց փաստաբանը՝ նշելով, որ դատավճիռն իրավաչափ չէ, դատարանը նաև հաշվի չի առել անձը բնութագրող դրական հատկանիշները։ Նարեկ Սարգսյանը, պաշտպանի փոխանցմամբ, չի մասնակցել դատավճռի հրապարակմանը՝ դժգոհության ձայն հայտնելով։
Ողբերգական դեպքը, ինչպես հայտնել ենք, տեղի է ունեցել 2022թ. մայիսի 5-ին՝ Երևանում։ Բնակարանում հայտնաբերվել էր 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանի դին՝ պարանոցի և դեմքի շրջանում բռնության հետքերով։
Վերջինս ոստիկանության Կոտայքի մարզային վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանի դուստրն է, աշխատում էր ԵՊՀ-ում՝ որպես դասախոս։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է Տաթևիկի ամուսինը՝ Նարեկ Սարգսյանը։ Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական գործող օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ առանձին դաժանությամբ սպանության հատկանիշներով։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի, կնոջը խեղդամահ է արել երեք տարեկան երեխայի աչքի առաջ։
Պաշտպանության կողմը շարունակում է պնդել, որ Նարեկ Սարգսյանը դեպքի հետ որևէ առնչություն չունի, նշում են, որ դեպքի ժամանակ Սարգսյանը դեպքի վայրում չի եղել, ավելին, պաշտպանության կողմը պնդում է, որ դեպքի օրը բնակարան այլ տղամարդ է մուտք գործել։
Տուժող կողմը, սակայն, նշում էր, որ Տաթևիկ Աբրահամյանը և Նարեկ Սարգսյանն արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ փաստացի ամուսնալուծված են եղել, իսկ դեպքի օրը Տաթևը պետք է վերջնական դիրքորոշում հայտներ՝ ամուսնալուծության մասին, Տաթևը պատրաստվում էր հայց ներկայացնել դատարան։
Բացի այդ, տուժողի ներկայացուցիչը հայտնել էր, որ Տաթևի նկատմամբ բռնության և սպառնալիքների դեպքեր նախկինում ևս եղել են, որոնց վերաբերյալ առանձին քրեական գործ է քննվում դատարանում։
Դեպքից երեք տարի անց՝ արդեն դատաքննության փուլում, առեղծվածային իրավիճակ է ստեղծվել. 2025թ. ապրիլի 8-ին դատական նիստերի դահլիճում գտնվող քաղաքացիներից մեկը, որը, ինչպես հետագայում պարզվեց, մեղադրյալ Նարեկ Սարգսյանի զարմիկն է և այս ողջ ընթացքում մշտապես ներկա է եղել նիստերին, հետևել ապացույցների հետազոտման ընթացքին, այդ թվում` փորձագետների հարցաքննություններին, այլ խոսքով` քաջ ծանոթ էր դիակի վրա առկա վնասվածքների վերաբերյալ փորձագետների գնահատականներին, հայտարարությամբ է հանդես եկել դատարանում` նշելով, թե ինքն է իրականում սպանել Տաթևիկ Աբրահամյանին, այնուհետև` փախուստի էր դիմել դատարանից:
Նշված անձին պաշտպանների նախաձեռնությամբ հարցաքննել են դատարանում, սակայն թե ինչու է որոշել երեք տարի լռելուց հետո նման հայտարարություն անել և սպանությունն իր վրա վերցրել` հոդաբաշխ պարզաբանում այդպես էլ չի ներկայացվել:


