Ժամանց

Համաձայնել եմ Երևանում գոտեմարտել հայ երկրպագուների համար․ Արսեն Հարությունյան

Համաձայնել եմ Երեւանում գոտեմարտել հատուկ հայ երկրպագուների համար: Կարծում եմ՝ լավ երեկո կունենանք: 

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը: 

Մարտի 28-ին ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարն առաջին անգամ կմասնակցի Hype Fighting մրցաշարին, որը տեղի է ունենալու Երեւանում: Արսեն Հարությունյանը ըմբշամարտի գոտեմարտ է անցկացնելու: Մրցակիցը խառը մենամարտերի մարտիկ, ղազախ Բագդատ Ժուբանիշն է: 

«Սա իմ առաջին փորձն է խառը մենամարտերում: Ըմբշամարտի կանոններով է լինելու: Հրավեր եմ ստացել Hype Fighting ընկերությունից, սիրով ընդունել եմ, քանի որ Հայաստանում է լինելու: Ինձ համար նշանակություն չունի, թե որ մրցաշարում եմ գոտեմարտում, ով է մրցակիցս:

Կարեւորն այն է, որ ըմբշամարտի կանոններով է եւ Հայաստանում է լինելու մրցաշարը: Համաձայնել եմ, որ հայ երկրպագուների համար հետաքրքիր երեկո լինի, նրանց ուրախացնեմ: Վերջին շրջանում շատերն էին ցանկանում տեսնել իմ գոտեմարտերը: Սա լավ հնարավորություն է բոլորիս համար: Կարծում եմ՝ լավ երեկո կունենանք միասին»,- ասաց Արսեն Հարությունյանը:

Նշենք, որ այս փուլում Արսեն Հարությունյանը ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի հետ պատրաստվում է ապրիլի 20-26-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը: 

Երեւանում անցկացվող Hype Fighting-ի երկրորդ մրցաշարը տեղի կունենա մարտի 28-ին Տաշիր Արենայում: Հիշենցնենք, որ առաջին մրցաշարը տեղի էր ունեցել դեկտեմբերի 31-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ մասնակցել է նաեւ խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան):

Կիսվեք ձեր էջում