Մամուլ

Ողբերգական ավտովթար՝ Աբովյան քաղաքում. մեքենան արմատից կոտրել է ծառն ու կողաշրջվել. կա 1 զոհ, 3 վիրավոր. մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում

Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ մարտի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00:40-ի սահմաններում Սյունիքի մարզում հաշվառված 19-ամյա  Վարդան Ա.-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կիսակողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վարդան Ա.-ն, ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 19-ամյա Ամուր Ա.-ն, 20-ամյա Ռոբերտ Ղ.-ն և 19-ամյա Արամ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ վիրավորներից Վարդան Ա.-ն գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվեք ձեր էջում