Փաշինյանը զոհվածի աղջկան մեղադրում էր փախնելու մեջ. «Հրապարակ»
Այսօր Երևանի մետրոպոլիտենում Նիկոլ Փաշինյանը մատ էր թափ տալիս և բղավում էր 1993թ-ին Արցախյան ազատամարտում զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսիյանի դստեր՝ Արմինե Մոսիյանի վրա։ Այս մասին գրում է «Հրապարակը»։
Մերուժան Մոսիյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։
Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը որոշել էր շրջել Երևանում և Երևանի բնակիչների շրջանում տրամադրությունները շոշափել։ Սակայն ամեն ինչ այնքան էլ հարթ չի ընթանում։ Մետրոյում Փաշինյանը ցույց տալով իր ձեռքին եղած քարտեզով կրծքանշանը, տղա երեխային ասաց․ «Եղբայր, կարելի՞ է մի հատ քեզ նվիրեմ սրանից»։
Երեխայի մայրը արձագանքեց. «Չէ, մենք Արցախից ենք, մենք ուրիշ քարտեզ ունենք»:
«Բայց ձեր տղան այս քարտեզում է ապրելու. էդ հաշվի առեք: Մենք չենք թողնելու ձեր այդ գաղափարաբանությունը»,- նշեց Փաշինյանը, ինչին արձագանքեց արցախցի կինը. «Դուք չեք թողել արդեն, որ մենք մեր Արցախում ապրենք, բայց չեք կարող մեզ զրկել մեր Արցախում ապրելու հույսից»:
Փաշինյանը հունից դուրս եկավ, սկսեց ձայնի բարձր տոնով խոսել, բղավել ու մատ թափ տալ. «Մենք ամեն ինչ արել ենք, որ դուք Արցախում՝ Ղարաբաղում ապրեք: 2023-ին դուք էիք մեղադրում ինձ, որ ճանապարհը փակել եմ, որ Ղարաբաղից ժողովուրդը չգա Հայաստան, հիմա եկել եք այստեղ և ասում եք՝ բա մենք ուզում էինք վերադառնայինք… Մենք ՀՀ քաղաքացիների աշխատած միլիարդներ ենք ծախսել, որ դուք էնտեղ մնաք, ինչի՞ չեք մնացել»:
Կինը ասաց Փաշինյանին, որ իր հետ այդպիսի բարձր ձայնով չխոսի:
«Կխոսեմ, մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել…»,- շարունակեց Փաշինյանը:


