Արտասովոր դեպք՝ Երևանում․ շենքի բնակիչները ջուր են բաց թողնում ռեստորանի հաճախորդների վրա, իսկ դուրս գալիս՝ հավկիթներ նետում նրանց ուղղությամբ
Shamshyan.com-ը հայտնում է, որ մարտի 6-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 33-ամյա Դիանա Հ․-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 14։10-ի սահմաններում նշված շենքի երկրորդ հարկի բնակիչները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, Փարպեցի 9 հասցեում գտնվող «Թրի» ռեստորանում հաճախորդների գտնվելու ժամանակ, ջուր են բաց թողնում, իսկ դուրս գալիս հավկիթներ նետում նրանց ուղղությամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Երևանի բնակիչ 44-ամյա Դավիթ Շ․-ն։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Դիանա Հ․-ն «Թրի» ռեստորանի մենեջերն է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


