Զատկից առաջ ձուն թանկացավ
Hraparak.am-ը գրում է․ Սուրբ Զատիկի տոնին ընդառաջ՝ հանրապետությունում նկատվում է ձվի դեֆիցիտ և գների աճ ձուն կրկին թանկացել է: Քաղաքացիները դժգոհում են, որ չբարձրացող աշխատավարձերին զուգահեռ թանկացումներն իրենց կյանքը շատ են բարդացնում.
«105 հազար ստանում եմ, կոմունալ վճարները անում էլ ի՞նչ է մնում տակը: Դրան գումարած էս թանկությունները, չգիտեմ ինչից ա կախված՝ մի քանի օր առաջ ձուն գնել եմ 80 դրամով, այսօր արդեն՝ 90- 95 դրամ է խանութներում: Խանութներ կան, որ արդեն 100 դրամ են ձուն վաճառում։
Մեր հայերի մոտ սովորություն է դարձել, հենց մի տոն է լինում, դրան համապատասխան արտադրանքը թանկացնում են, չկա շուկան վերահսկող մեխանիզ»:
Թե ինչու է ձուն թանկացել հարց ուղղեցինք Հայաստանի ձու արտադրող ընկերություններին: «Աշտարակ ձու» ընկերությունից մեզ ասացին, որ որ ձվի քանակը քչացել է, այդ իսկ պատճառով՝ թանկացել է:
«5 տարիների ընթացքում շուկայի ուսումնասիրությունները, եթե նայեք, սա ստանդարտ երևույթ է, որ ամեն տարի կրկնվում է: Ձվի շուկան, որպես ամենալայն սպառում ունեցողներից մեկը, ունի սպառման ակտիվ ու պասիվ ժամանակահատվածներ:
Գարնան կեսից մինչև աշնան կեսը՝ ձվի արժեքը նվազում է, քանի որ պահաջարկը քիչ է, իսկ աշնան կեսից մինչև գարնան կեսը՝ ձվի պահաջարկը բարձրանում է, դրա հետևանքով բարձրանում է նաև գինը:
Շուկայում բոլոր արտադրողները չունեն հավկիթի ֆիքսված արժեքներ: Խանութներում 5-ից 10% շեղում կա տարբեր արտադրողների տրված առաջարկությունների մեջ:
Կա ևս մեկ հանգամանք, քանի որ հավերի կերը գալիս է Ռուսաստանից, իսկ Ռուսաստանում կերը թանկացել է, բացի դրանից, նաև ռուբլու կուրսն է բարձրացել, այդ ամեն ինչը նպաստել է, որ հավկիթների գինը բարձրանա:
Բայց հավաստիացնում ենք, որ Զատիկին այլ գնային փոփոխություններ չեն լինելու»,- մեզ հետ զրուցում ասաց «Արաքս թռչնաֆաբրիկա» մարկենտինգի բաժնի ղեկավար Սեդա Հովսեփյանը:


