Մամուլ

Խորին ցավակցություններս ընտանիքին և հարազատներին

«Խորին ցավակցություններս ընտանիքին և հարազատներին: Տիկին Սիմոնյանը ոլորտում մեծ ավանդ ունեցող , բազում սերունդներ կրթած և իր գործին նվիրյալ էր…»,-իր էջում գրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ կիսվելով Առողջապահության ազգային Ինստիտուտի տարածած նյութով։

«Խոր վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է բժշկական գիտությունների թեկնածու, առողջապահության ոլորտի նվիրյալ՝ Նոննա Արսենի Սիմոնյանը։

Նոննա Արսենի Սիմոնյանը ծնվել է 1938թ. Երևանում: Դպրոցն ավարտելուց հետո, 1955թ. ընդունվել է ԵրԲԻ-ի բուժական ֆակուլտետը: 1962թ., որպես ավագ լաբորանտ, ընդունվել է Երևանի բժիշկների կատարելագործման ֆակուլտետի ախտաբանական անատոմիայի բաժին, որտեղից նրան գործուղել են Մոսկվայի Ընդհանուր պաթոլոգիայի և պաթանատոմիայի ինստիտուտ՝ ստաժավորման, որտեղ էլ նա պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը:

1967թ. Նոննա Սիմոնյանն ընդունվել է կլինիկական օրդինատուրա՝ ախտաբանական անատոմիա մասնագիտությամբ, հանդիսանալով Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի (այժմ՝ Առողջապահության ազգային ինստիտուտ) առաջին կլինիկական օրդինատորը: Ավարտելով մասնագիտացումը, շարունակել է աշխատել ախտաբանական անատոմիայի ամբիոնում:

1981թ. -ից մինչ 2016 թ․ Ն. Սիմոնյանը զբաղեցրել է ինստիտուտի գիտական քարտուղարի, ուսումնական գծով պրոռեկտորի, կատարելագործման, վիրաբուժական ֆակուլտետների դեկանի, փոխտնօրենի, ուսումնական գծով խորհրդականի պաշտոնները:

Իր աշխատանքային 57 տարիները Ն. Սիմոնյանը նվիրել է երիտասարդ կադրերի կրթմանը, մասնագիտական աճին:

Ն.Սիմոնյանի երկարատև և անբասիր աշխատանքը բարձր է գնահատվել թե՛ Կառավարության, թե՛ ինստիտուտի կողմից` ՀՀ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի Շնորհակալագիր, ծննդյան 70-ամյակի կապակցությամբ Առողջապահության նախարարության Պատվոգիր, ԱԱԻ-ի 50-ամյակի կապակցությամբ ինստիտուտի ոսկե մեդալ և այլն:

Նոննա Սիմոնյանի պայծառ հիշատակը հավերժ կմնա նրա հարազատների, գործընկերների և նրան ճանաչողների սրտերում:

Նոննա Սիմոնյանի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 18-ին, ժամը 17:00–20:00, Նուբարաշեն 46 հասցեում գտնվող սգո սրահում (Էրեբունի վարչական շրջան)։

Հուղարկավորությունը՝ 19․03․ նույն վայրից, ժամը 13։00-ին»։

Կիսվեք ձեր էջում