Ջրասուզակը հայտնաբերեց ջրահեղձ եղած կնոջ մարմինը
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մոտ մի քանի ժամ որոնողական աշխատանքների արդյունքում քիչ առաջ Ծովինար ջրամբարից ջրափրկարարը հայտնաբերել է 72-ամյա Ամալյա Ս.-ի դին և դուրս բերել ափ։
Դին հայտնաբերվել է ջրահեղձ եղած կնոջ գլխարկի վայրից գրեթե 350-400 մետր հեռավորության վրա՝ լճի մեջ՝ մոտ 1.5 մետր խորությունից։
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մարտի 11-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ մի քաղաքացի Հրազդան քաղաքի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի «Ծովինար» ջրամբարում, հավանաբար ջրահեղձ է եղել։
Մոտ 2 ժամ ջրասուզակը որոնողական աշխատանքներ էր կատարել, սակայն դին չէր հայտնաբերվել։
Որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին՝ վաղը առավոտյան վերսկսելու համար։
Աղբյուրի տեղեկություններով՝ որոնվողը Կոտայքի մարզի բնակիչ 72-ամյա Ամալյա Ս․-ն է և ջրամբարի ափին նրա գլխարկն է հայտնաբերվել։




