Մամուլ

Ողբերգական ավտովթար. 26-ամյա վարորդը «BMW»-ով մխրճվել է կայանված «Kamaz»-ի հետնամասի մեջ. «BMW»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է

Shamshyan.com-ը հայտնում է, որ երեկ՝ մարտի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23:15-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արմեն Ա.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 11 կմ հատվածում բախվել է Սյունիքի մարզի բնակիչ 38-ամյա Արթուր Ա.-ի անվամբ հաշվառված «Kamaz» մակնիշի բեռնատարին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «BMW»-ի վարորդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ 

Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Մասիսի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ պարեկ Մհեր Մեծոյանն ու կրտսեր պարեկ Արմեն Մանուկյանը։ 

Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով մետաղե ջարդոնի վերածված «BMW»-ն տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Մասիսի բաժին, որ վարորդը գիտակցության չգալով մահացել է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվեք ձեր էջում