Մամուլ

Դեպի Հայաստան1400 $, դեպի Եվրոպա 4000$. արաբական երկրներից տարհանման գները

Oragir.News-ը գրում է․ Մերձավոր Արևելքում ստեղծված ռազմական լարվածության ֆոնին տարածաշրջանում գտնվող բազմաթիվ քաղաքացիներ փորձում են հնարավորինս արագ վերադառնալ իրենց երկրներ։ Նույն իրավիճակն է նաև հայերի դեպքում։ Վերջին օրերին սոցիալական ցանցերում և տարբեր հարթակներում քաղաքացիները բողոքում են Հայաստան վերադառնալու ավիատոմսերի բարձր գներից։

Տարբեր տվյալների համաձայն՝ Դուբայից կամ Օմանից դեպի Երևան չվերթների տոմսերը հասնում են մոտ 1000–1500 դոլարի մեկ ուղևորի համար։ Համեմատության համար՝ մինչև տարածաշրջանում ստեղծված լարվածությունը նույն ուղղությամբ տոմսերի արժեքը հաճախ կազմում էր 200–350 դոլար։

Միևնույն ժամանակ, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ որոշ դեպքերում ապահովվում է քաղաքացիների տեղափոխումը դեպի անվտանգ օդանավակայաններ, օրինակ՝ ԱՄԷ-ից դեպի Օման, որտեղից արդեն իրականացվում են վերադարձի չվերթները դեպի Երևան։

Սակայն այլ երկրներ մեկնելու գներն ավելի բարձր են։ Մերձավոր Արևելքում օդային տարածքների փակման և մեծ պահանջարկի պատճառով ձևավորվել է «էքստրեմալ չվերթների» շուկա, որտեղ գները երբեմն հասնում են հարյուր հազարավոր դոլարների։ Տարբեր միջազգային լրատվամիջոցների տվյալներով՝ տարածաշրջանից իրականացվող մասնավոր չարտերային չվերթների արժեքը հասնում է 200 հազարից մինչև 350 հազար դոլարի մեկ ամբողջ ինքնաթիռի համար։

Oragir.News-ի ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ եթե այս գումարը հաշվարկվի մեկ ուղևորի համար, ապա պատկերը բավական խոսուն է։ Միջին բիզնես-չվեթը սովորաբար նախատեսված է 10–14 ուղևորի համար։

Այս դեպքում՝ 200 հազար դոլար արժողությամբ չվերթի դեպքում մեկ ուղևորի հաշվով գինը կազմում է մոտ 14–20 հազար դոլար, իսկ 350 հազար դոլարի դեպքում մեկ ուղևորի բաժին կարող է ընկնել մոտ 25–35 հազար դոլար։

Բացի մասնավոր չվերթներից, թանկացել են նաև սովորական ավիատոմսերը։ Օրինակ՝ Եվրոպա կամ հեռավոր ասիական երկրներ իրականացվող կոմերցիոն չվերթների գները որոշ դեպքերում հասնում են 2000–4000 դոլարի մեկ ուղևորի համար։

Եթե համեմատենք ներկայիս էքստրեմալ ավիացիոն իրավիճակը, ապա ամենաէժան ուղղությունները հիմնականում մոտ երկրներն են, որտեղ չվերթները կարճ են և շատ ավիաընկերություններ են գործում։ Այս պահին նման ուղղությունների շարքում ամենահաճախ նշվում է Թուրքիան։

Ուղղություն և մոտավոր գներ (մեկ անձի համար):

  • Դուբայ → Երևան՝ 1000–1500 $,
  • Դուբայ → Եվրոպա (Լոնդոն, Ֆրանկֆուրտ և այլն) 2000–4000 $,
  • Դուբայ → Թուրքիա (Ստամբուլ) մոտ 400–900 $,
  • Մասնավոր չարտերային չվերթներ: 15,000–35,000 $ մեկ անձի հաշվով։

Ռուսաստանի դեպքում ևս իրավիճակը լարված է։ Ռուսաստանի տրանսպորտի նախարարության տվյալներով՝ միայն մի քանի օրվա ընթացքում Մերձավոր Արևելքից դեպի Ռուսաստանի տարբեր քաղաքներ նախատեսվել է տասնյակ հատուկ և լրացուցիչ չվերթներ։ Ըստ պաշտոնական տվյալների՝ նախատեսվել է շուրջ 37 չվերթ, որոնց միջոցով ավելի քան 8000 ուղևոր պետք է տեղափոխվի ԱՄԷ-ից և Օմանից դեպի Ռուսաստան։

Վերջին օրերին առցանց տոմս որոնող կայքերի տվյալներով՝ Դուբայից Մոսկվա ուղղությամբ նույնպես թանկացել է։ Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Դուբայից-Նովոսիբիրսկ ավիատոմսի գինը հասել է 360 հազար ռուբլու՝ մոտ 4500 դոլարի։ Որոշ չվերթներ նաև սահմանափակվել կամ չեղարկվել են ավիացիոն իշխանությունների կողմից անվտանգության նկատառումներով:

Այսպիսով, թեև Հայաստան վերադարձող ուղևորները նույնպես բախվում են զգալիորեն թանկացած տոմսերի խնդրին, սակայն տարածաշրջանում ստեղծված «էքստրեմալ» ավիացիոն շուկայում հայկական ուղղությունը ամենաթանկը չէ, որոշ ուղղությունների դեպքում գները կարող են լինել մի քանի անգամ ավելի բարձր։

Oragir.News-ի այս հրապարակումից հետո ԱԳՆ-ն հանդես է եկել նախաձեռնությամբ, համաձայն որի՝ այն քաղաքացիներին, որոնց ՀՀ վերադարձի/տարանցիկ չվերթները չեղարկվել էին Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով, և որոնք նոր տոմսեր են ձեռք բերել ՀՀ վերադառնալու համար, ՀՀ կառավարությունը կտրամադրի մինչև 250 հազար դրամ փոխհատուցում յուրաքանչյուր անձի համար։

Կիսվեք ձեր էջում