Մամուլ

Նորատուսցի Արայի որդուն հաճախ կալանավորում` բաց են թողնում

«Հրապարակ»-ը գրում է․ 2024 թվականի հուլիսի 17-ին ողբերգական դեպք տեղի ունեցավ Սեւանի Best Western Bohemian Resort հանգստյան գոտում: Մի անիմաստ վիճաբանության հետեւանքով հնչել էին կրակոցներ, եւ սպանվել էր Սեւանի ավագանու անդամ՝ 37-ամյա Արսեն Աֆիյանը։

Վիճաբանության մյուս կողմում հայտնի հեղինակություններ Բանդուրյաններն էին, նրանցից մեկի Արա Բանդուրյանի որդին Լյովան, եւ Միսաք Փաշիկյանը, որը մինչ այդ միջադեպը մեկ այլ գործով հետախուզման մեջ էր գտնվում։

Հանրային աղմուկը հանդարտեցնելու համար Բանդուրյանների որդին կալանավորվեց, կարճ ժամանակ անց Գեղարքունիքի առաջին ատյանի դատարանը Լյովա Բանդուրյանի խափանման միջոց կալանքը փոխեց տնային կալանքով, նախորդ տարվա օգոստոսին նույն դատարանը դատավոր Կարեն Հակոբյանի նախագահությամբ, խափանման միջոց տնային կալանքն էլ փոխեց կիրառելով վարչական հսկողություն, գրավ եւ բացակայելու արգելք:

«Հրապարակ»-ին նոր տեղեկություններ են հասել՝ կրտսեր Բանդուրյանի խափանման միջոցի վերաբերյալ: Մասնավորապես՝ մի քանի ամիս առաջ Վերաքննիչ դատարանը վարչական հսկողությունը փոխել է տնային կալանքի՝ 3 ամիս ժամկետով, հետո առաջին ատյանի դատարանը կրկին նրան բաց է թողել։

Բանդուրյանի պաշտպան Բունիաթ Եղիազարյանն է մանրամասնում, թե ինչպես է եղել խափանման միջոցի իրավական ճանապարհը․ «Վերաքննիչ դատարանը բեկանեց` փոխեց, գնաց էլի տնային կալանքի, այն պատճառաբանությամբ, որ կային չհարցաքննված ՝ 1-2 վկա, նրանք հարցաքննվեցին, ու նորից պաշտպանության կողմը առաջին ատյանի դատարան միջնորդություն ներկայացրեց, որը մոտ մեկ ամիս առաջ բավարարվել է»։

Փաստաբանը նշեց՝ վարչական հսկողության հետ կիրառված է համակցված խափանման միջոց՝ բացակայելու արգելք եւ գրավ՝ 100 միլիոն դրամից ավելի։

Ինչ վերաբերում է դատաքննությանը, նա նշեց՝ ավարտական փուլում է, հանրային մեղադրողն առաջիկայում մեղադրական ճառով է հանդես գալու, որից հետո իրենք՝ պաշտպանական ճառով։

Կիսվեք ձեր էջում