ՍպորտՏեսանյութ

Արման Ծառուկյանի մենամարտն ավարտվել է զանգվածային բախումով

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի մասնակցությամբ մենամարտը RAF (Real American Wrestling) լիգայում ավարտվել է զանգվածային բախումով։

ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Տեմպե քաղաքում կայացած RAF 06 մրցաշարում Ծառուկյանը միջին քաշային կարգում (79 կգ) ազատ ոճի ըմբշամարտի մենամարտ է անցկացրել ամերիկացի ըմբիշ և բլոգեր Ջորջիո Պուլասի հետ ու հաղթել 5։3 հաշվով։

Եզրափակիչ ազդանշանից անմիջապես հետո հայ մարտիկը հրել ու հարվածել է հատակին հայտնված մրցակցին, ինչից հետո սկսվել է զանգվածային բախում երկու թիմերի միջև։

Միջադեպի գլխավոր պատճառն ամերիկացի մարզիկի կողմից անընդմեջ հնչող ու գործադրվող սադրանքներն էին: Բազմաթիվ աղբյուրների համաձայն՝ Պուլասը գոտեմարտի հենց առաջին իսկ վայրկյաններից դիմել է հոգեբանական ճնշման և սադրիչ խոսակցությունների:

Ավելին՝ նա մենամարտը սկսել է ապտակով, իսկ ընթացքում ևս մի քանի անգամ դիտավորյալ ձեռքի ափով հարվածել է Ծառուկյանի գլխին:

Նշենք, որ 29-ամյա Ծառուկյանի համար սա երկրորդ ելույթն էր RAF լիգայում: Իր նորամուտը նա նշել էր հունվարի 10-ին՝ 10:0 հաշվով ժամկետից շուտ տպավորիչ հաղթանակ տանելով 38-ամյա ամերիկացի Լենս Փալմերի նկատմամբ: Խառը մենամարտերում (MMA) Հայաստանի ներկայացուցիչն ընդհանուր առմամբ անցկացրել է 26 հանդիպում՝ գրանցելով 23 հաղթանակ և ընդամենը 3 պարտություն:

Կիսվեք ձեր էջում