20-ամյա տղայի կյանքը փրկել չհաջողվեց
Այսօր՝ փետրվարի 21-ին, սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարված վիճակում Սևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։
Բժիշկները քրեական ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Արամ Խաչատրյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Սևան քաղաքի Նաիրյան փողոցից ու մինչ պարզում էին դեպքի հանգամանքները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի քրեական ոստիկանները ու Սևանի քննչական բաժնի քննիչները պարզել են դեպքի հանգամանքները և կասկածյալներից 2-ին հայտնաբերել են։
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածին զանգահարել և կանչել են Սևան, ով եկել է արդեն հանդիպման և առանց որևէ բան քննարկելու միանգամից նրան դանակի հարվածներ են հասցրել։
Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ չենք հայտնում։



