ՄամուլՏեսանյութ

Սամվել Կարապետյանի որդուն սպասարկող «Maybach»-ի վարորդը տուգանվել է. հայտնի է, թե որքան և ինչի համար

Factor TV-ի հրապարակած տեսանյութի հիման վրա ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունը տուգանել է իշխանությունը զավթելու կոչերի համար տնային կալանքում գտնվող Սամվել Կարապետյանի որդուն՝ Սարգիս Կարապետյանին սպասարկող մեքենայի վարորդին:

«Պարեկային ծառայողները նշված տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ»,- «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ հայտնել են ՀՀ ներքին գործերի նախարարությունից:

Մեր տեղեկություններով՝ վերջինս տուգանվել է 5 և 20-հազարական դրամներով: 5 հազար դրամով տուգանվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, 20 հազար դրամով էլ մեքենայի հետևի ապակուն քարոզչական բնույթի պատկեր և գրություն փակցնելու համար:

Նկատենք, որ լրատվամիջոցի հրապարակած տեսանյութում Հայաստանի Հանրապետության դրոշի կապույտ գույնը փոխարինված է մանուշակագույնով:

Մանուշակագույնը եկեղեցական համատեքստում, հատկապես Հայ առաքելական եկեղեցում խորհրդանշում է ապաշխարություն, պահք, իմաստություն, հոգևորի և թագավորական բարձր դիրքի միասնություն: Այն հաճախ կիրառվում է որպես թագավորական և հոգևոր խորհրդավորության խորհրդանիշ:

Ավելի վաղ Factor TV-ն տեսանյութ էր հրապարակել՝ այն վերտառելով. «Ուժեղ Հայաստան՝ 2-րդ գծում կայանած «Մայբախ»-ով. Սարգիս Կարապետյանի մեքենան «իր ձևով» կայանել է 2-րդ գծում»: