2 անչափահաս դռան կողպեքները կոտրելու միջոցով մուտք են գործել գործարանի և գողացել պղնձյա մալուխներ, պղնձյա դետալներ, էլեկտրական մետաղահատ
Shamshyan.com-ի տեղեկություններով փետրվարի 10-ին, գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժին է զանգահարել Կոտայքի մարզի բնակիչ 59-ամյա Արմեն Դ․-ն և հայտնել, որ «Հրազդան-Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ-ի գործարանի դռները, կնիքներն ու կողպեքները հայտնաբերել է կոտրված վիճակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ փետրվարի 7-ից 10-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք դռան կողպեքները կոտրելու միջոցով ապօրինի մուտք են գործել Հրազդան քաղաքի Գործարանային 1 հասցեում գտնվող «Հրազդան-Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ-ին պատկանող գործարանի տարածք և գողացել պղնձյա մալուխներ, վերամբարձ կռունկի հեռակառավարման վահանակի մեջ գտնվող պղնձյա դետալներ, էլեկտրական մետաղահատ՝ ընկերությանը պատճառելով գույքային վնաս։
Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով քրեական վարույթի շրջանակներում ոստիկանության Հրազդանի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Հրազդան-Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ-ին պատկանող գործարանի հումքի ջարդման և գազաջրամատակարարման արտադրամասերից և լաբորատորիայից տարածքից գողություն կատարած անձինք հանդիսանում են մարզերից մեկի բնակիչներ 16 և 15-ամյա տղաներ, և ձեռնարկված միջոցառումների արդյունքում փետրվարի 11-ին նրանք հայտնաբերվել, նշված հանցագործությունը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից էլ ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Արմեն Դ․-ն աշխատում է «Հրազդան-Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ-ում, որպես անվտանգության պետ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



